Ասֆալտ ծակող սարքը «Ճանապարհային դեպարտամենտինն» է, տեղանքը՝ Էջմիածին-Արմավիր մայրուղին։ Շինարարից աշխատանքն ընդունելուց առաջ մասնագետները եկել են թարմացված ասֆալտի որակը ստուգելու։
Հրաչիկ Հովհաննիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիայի գլխավոր մասնագետ) - Ամեն մի 7000 քառակուսի մետրից հանվում է մեկ կոմպլեկտ, մեկ կոմպլեկտը բաղկացած է 3 հանուկից:
Ճանապարհից կտրվող նմուշները լաբորատորիա փորձաքննության կգնա՝ պարզելու՝ որքա՞ն որակով գործ է արել այս հատվածում 14,4 կմ երկարությամբ ասֆալտ փռած «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը։
Հովհաննես Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ավագ ինժեներ) - Կատարվել են միջին նորոգման աշխատանքներ, հանվել ա մաշված շերտը, կատարվել է հարթեցում, և տեղադրվել է 5 սմ ասֆալտի նոր ծածկ:
Պահանջվող 5 սմ-ը ճանապարհաշինարարն ապահովե՞լ է, թե՞ ոչ՝ չափում են տեղում, որ ընկերության ներկայացուցիչն էլ տեսնի։
Արտակ Ղորխմազյան - («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր մասնագետ) - Սա վերևը նոր ասֆալտն ա, 5 սմ հաստությամբ, ինքը բավարարում ա հաստությանը, խտությունը լաբորատորիայում կանենք, իսկ ներքև՝ սա նիժնին ա, որ ջուրը քաշի տանի:
Նմանատիպ ստուգումներ իրականացվում են բյուջեի փողերով նորացվող բոլոր ճանապարհներին․ տարվա գրաֆիկում՝ 170 կմ հիմնովին, 85-ն էլ՝ միջին նորոգում կա։ Գումարած դրան՝ սուբվենցիոն ծրագրի դեպքում, եթե մարզպետարանը կամ համայնքը դժգոհություն ունի, ծանուցում-դիմում են դեպարտամենտին, որ լաբորատորիա ուղարկի՝ գործընթացն է ներկայացնում կառույցի ղեկավարը։
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Պետական բյուջեի մասով ֆինանսավորվող բոլոր 500 կմ ճանապարհները, մենք 95 տոկոսով, կապ չունի՝ պայմանագիր ունե՞նք, թե՞ ոչ, վերահսկողությունն անում ենք:
Ավետիսյանը վստահեցնում է՝ մինչև հանուկի միջոցով ասֆալտի որակի գնահատման վերջին փուլ հասնելը դեպարտամենտը պարբերաբար ստուգում է նաև ճանապարհաշինարարների օգտագործած խճի խոշորությունից մինչև ավազի մանրությունը, բիտումը համապատասխանո՞ւմ են սահմանված պահանջներին։ Արմավիրի այս տեղամասի կապալառուն պնդում է՝ հանգիստ խղճով են բոլոր նմուշները փորձաքննության ուղարկում։
Էդգար Վարդանյան («Լեոպոլդ և ընկերներ» ընկերության տեղամասի պետ) - Մինչև հիմա ինչ արել ենք՝ համապատասխանել ա որակը՝ թե՛ հաստությունը, թե՛ խտությունը:
Գիտեք, որ եթե որակի խնդիր լինի՝ վճարման հարց է առաջանալու:
Տեղյակ եմ:
Չե՞ք անհանգստանում:
Իհարկե ոչ:
Եթե պարզվի՝ ասֆալտի բաղադրությունը կամ մակերեսի թեքություն-հարթությունը, այնուամենայնիվ, այն չեն, մինչև թերությունները չշտկվեն՝ աշխատանքի հանձնում-ընդունում չի արվի։ Խախտումներ դեպարտամենտն այս տարի արձանագրել է ճանապարհաշինարարների գործի տարբեր փուլերում։
Մենք բազմաթիվ տեղեր որ ստուգում ենք՝ նույն բիտումը մարկային չի համապատասխանում, չենք թողնում այս ընթացքում դա օգտագործեն, նման դեպքերը բազմաթիվ են, եթե անորակ ա արվում, դրանք կապալառուն վերացնում է իր միջոցներով:
Ի դեպ, որպեսզի երաշխիքային ժամկետում առաջացած թերությունները վերացնելիս ճանապարհաշինարարը չասի՝ հիմա փող չունեմ, լինի՝ կանեմ ու ձգձգի գործը, անցած տարվանից կապալառուների հետ կնքվող պարտավորագիրը փոխվել է։ Պետությունն այժմ բանկային երաշխիք է պահում՝ պայմանագրի արժեքի 10 տոկոսի չափով։
Դա բավականին մեծ գումար է, եթե պատկերացնենք, որ 60 մլրդ է նախատեսվել բյուջեից, 6 մլրդը մենք պահում ենք, 3 տարի հետո վերադարձնենք շինարարին: Եթե թերություն լինի, ու շինարարը չշտկի, մենք այդ գումարները, կախված վնասի չափից, կօգտագործենք:
Այդպես՝ անորակ ասֆալտի համար բյուջեից լրացուցիչ գումար չի ծախսվում, խոտանն ուղղվում է ընկերությունների հաշվին։ Լինում է սակայն, դեպքեր հիմա էլ ունեն՝ պայմանագրի ժամկետը լրացել է, ճանապարհաշինարարն աշխատանքը չի ավարտել, այդ ժամանակ արդեն տույժ-տուգանք են կիրառում։