ԵՎՍ 500 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԵՄ 27 երկրի արտգործնախարարները հավանություն են տվել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշին։
Հաստատվել է նաև Եվրամիության տարածքում ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն մեկնարկելու նախաձեռնությունը, որի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել առնվազն 15.000 ուկրաինացի զինվորականի։ Նշվում է, որ առաքելության նպատակն է բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը և օգնել երկրին պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։
Հունգարիան ԵՄ միակ անդամն է, որ չի աջակցել ուկրաինացի զինվորականներին Եվրոպայում վերապատրաստելու նախաձեռնությանը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ ուսումնական առաքելության հետ կապված որևէ ծախս Բուդապեշտը նույնպես չի կրի։
Հունգարիան հանդես է եկել Ռուսաստանի հետ շփումների պահպանման և ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու օգտին։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդիանն, անդրադառնալով վարժանքներին, նշել է՝ Թեհրանը կարևորում է հյուսիսարևմտյան սահմանների ու Արաքսի շրջանի կայունությունը:
«Ադրբեջանն ու Հայաստանը Իսլամական հանրապետության համար սպառնալիք չեն, բայց այնտեղ տեղի ունեցող որոշ զարգացումներ վտանգավոր են», - նշել է պաշտոնյան:
Նա շեշտել է՝ առկա խնդիրները չպետք է լուծվեն պատերազմական գործողությունների միջոցով, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն:
ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 8 ՄԱՐԴ
Թեհրանի «Էվին» բանտում կիրակի երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 բանտարկյալ է մահացել, շուրջ 60 մարդ տուժել է, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բանտի կարի արտադրամասում կալանավորների միջև բախումներից հետո: Տեղական իշխանությունների տվյալով՝ իրավիճակը վերահսկվում է: Իրանական կողմը կատարվածի համար մեղադրել է արտաքին ուժերին:
ՔԱՅԼԵՐ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ակտաու քաղաքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում` հունիսին:
«Հաջորդ հանդիպումների ընթացքում մենք նպատակ ունենք կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ տրանսպորտային և էներգետիկ միջանցքների հետ կապված: Էներգակիրների մատակարարման անվտանգության տեսանկյունից, հատկապես Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման կրճատման ֆոնին, մեծացել է Ադրբեջանից գազատարների և նավթատարների դերը»,- ընդգծել է Մևլութ Չավուշօղլուն։
ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆ ԸՆԿԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎՐԱ
Կրասնոդարի Յեյսկ քաղաքում բնակելի տներից մեկի վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ինքնաթիռի շարժիչներից մեկը թռիչքի ժամանակ խափանվել է։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
ՏՈՒԺԵԼ Է ԵՐԵՔ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ. ՇՄԻՀԱԼ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին և երկրի էներգետիկ համակարգին։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի խոսքով՝ ռուսական հարվածների պատճառով տուժել են երկրի երեք շրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Մասնավորապես, Կիևում անօդաչու թռչող սարքի 5 հարված է գրանցվել։ Վնասվել է նաև բնակելի շենք, կան զոհեր, երկրի տարբեր տարածքներում օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինայում ավելի քան 580 բնակավայր հոսանքազրկվել է։
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՊԵԿԻՆՈՒՄ
Պեկինում մեկնարկել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, այն կամփոփվի հոկտեմբերի 22-ին: Շուրջ 2300 պատվիրակ կքննարկի վերջին հինգ տարում երկրի ձեռքբերումները և կհաստատի Չինաստանի զարգացման նպատակներն ու խնդիրներն առաջիկա հինգ տարվա համար։
Համագումարի ընթացքում պատվիրակները կընտրեն Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի և կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը։
20-րդ համագումարի բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, նախագահ Սի Ծինփինի ելույթը: Նա համոզմունք է հայտնել, որ Չինաստանի և Թայվանի վերամիավորումը չի կարող կասկածի տակ դրվել, ընդգծել՝ իշխանությունը ձգտում է խաղաղ վերամիավորման, սակայն արտաքին ուժերի միջամտության դեպքում կդիտարկվի նաև ուժի կիրառման հնարավորութունը։
Նա տեղեկացրել է, որ Չինաստանը մտադիր է արագացնել բանակի արդիականացումը և շարունակել պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը:
Նախագահը մտահոգություն է հայտնել՝ կոռուպցիան ամենամեծ քաղցկեղն է, որը վտանգում է կուսակցության կենսունակությունը: