Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը կայցելի Վրաստան և Հայաստան։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը:
Վրաստանում ԱԳ նախարարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հայտնում են Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունից:
Քաղաքական բանակցությունները կկենտրոնանան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համար Նորվեգիայի շարունակական աջակցության վրա:
ԱԳ նախարարը պաշտոնապես կբացի Նորվեգիայի դեսպանատունը Թբիլիսիում։ Այս տարի լրանում է Նորվեգիայի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
Հայաստանում ԱԳ նախարար Հյութֆիլդտը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Նորվեգիայի ԱԳ նախարարը Հայաստան է այցելում երկրի համար ծանր պահին. տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բանակցություններում Հյութֆիլդտը կկենտրոնանա Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության ուղղությամբ և կուսումնասիրի հնարավորությունները, որոնցով Օսլոն կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին:
Հայաստան կատարած այցը կներառի նաև բանակցություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ: