Բրիտանական խորհրդարանի մոտ 100 անդամներ նամակ են գրել Պահպանողական կուսակցության կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդիին՝ խնդրելով անվստահություն հայտնել կուսակցության առաջնորդ և վարչապետ Լիզ Թրասին։ Այս մասին հայտնում է inews-ը՝ պատգամավորներին հղումով։
Պահպանողական կուսակցության կանոնների համաձայն՝ քվեարկություն նախաձեռնելու համար պետք է քվեարկի թորի պատգամավորների 15 տոկոսը (մոտ 54 պատգամավոր)։ Անվստահության մասին հայտարարությունից հետո անցկացվում է Պահպանողական կուսակցության բոլոր պատգամավորների գաղտնի քվեարկություն։ Հաղթելու համար առաջնորդը պետք է ստանա ձայների կեսից ավելին, որի դեպքում նա մնում է պաշտոնին և ստանում տարեկան անձեռնմխելիություն։ Եթե պարտվի, կառավարության ղեկավարը ստիպված է հրաժարական տալ և զրկվել ղեկավարի համար հետագա ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Բրիտանական խորհրդարանի մի շարք պատգամավորներ էլ կոչ են արել պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին փոխարինել Լիզ Թրասին վարչապետի պաշտոնում։