Ադրբեջանական ագրեսիայից տուժած Ջերմուկում մեկ ամիս անց դեռ մնում են հրթիռակոծության հետքերը: Դրանք տեսել և արձանագրել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:
Շտեֆան Մյուլեր-Ալտերմատ (Հայ-շվեյցարական բարեկամության խմբի համանախագահ) - Ցավալի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ: Նրանք խաղաղ միջավայրում ահաբեկչություն են տարածել: Ինձ համար սարսափելի է տեսնել այս ամենը:
Խորհրդարանականները շրջել են քաղաքում, տեսել հասցված վնասները: Բարեկամական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատն ընդգծում է՝ շվեյցարացի պատգամավորների առաջին այցը չէ Հայաստան, բայց Ադրբեջանի ագրեսիայից հետո այս մեկն առանձնահատուկ նշանակություն ունի:
Շտեֆան Մյուլեր - Մենք ուզում ենք հստակ ուղերձ հղել, որ այստեղ ենք, կանգնած ենք ինչպես խորհրդարանի մեր գործընկերների, այնպես էլ ամբողջ երկրի կողքին:
Միշել Մատեր (Շվեյցարիայի դաշնային պատգամավոր) - Մենք հայ ժողովրդի հետ կիսում ենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և միջազգային իրավունք, և դա շատ կարևոր է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ. ՄԱՏԵՐ
Հայաստանի ինքնիշխան տարածքի և զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ոտնձգությունները ցնցել են շվեյցարացի օրենսդիրներին: Դաշնային պատգամավոր Միշել Մատերը նշում է՝ Ադրբեջանի գործողությունները պետք է դատապարտվեն, հավելում՝ Ժնևում այդ ուղղությամբ արել են առաջին պաշտոնական քայլը:
Միշել Մատեր - Ժնևի կանտոնի խորհրդարանում ընդունել ենք բանաձև, որով դատապարտում ենք սեպտեմբերի 13-ի և 14-ի ագրեսիան: Սա քաղաքային մակարդակով առաջին քայլն է: Հիմա մենք պետք է ավելի հեռուն գնանք, հասնենք դաշնային և ազգային մակարդակով քայլերի:
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկում սպանվել էր 1, վիրավորվել 2 քաղաքացիական անձ, բնակիչները տարհանվել էին: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին Կեչուտի ջրամբարը, քաղաքի ճոպանուղին, հյուրանոցներն ու սրճարանները: Հրթիռակոծության ու գնդակոծության հետևանքով Ջերմուկում վնասվել էին գազախողովակները, հոսանքալարերն ու կապի մալուխները, հրդեհվել էր անտառածածկ 6 հեկտար տարածք: Առկա դասապրոցեսը քաղաքի դպրոցներում վերսկսվեց միայն հոկտեմբերի 10-ից հետո, այժմ գործում է հասարակական տրանսպորտը, գրեթե բոլոր բնակիչները վերադարձել են: Տեղական ինքնակառավարման մարմինները գույքագրում են քաղաքին հասցված վնասը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան