Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը պահանջել է Եվրամիությանը Սերբիայի ինտեգրման շուրջ բանակցությունների շարունակությունը կապել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Բելգրադի միանալու հետ՝ գրում է «Կոմերսանտ»-ը։
Պահանջը դրվել է Սերբիայի հետ բանակցությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ 2022 թվականի զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, որում նշվում է ԵՄ-ի հետ Սերբիայի արտաքին քաղաքականության համապատասխանության մակարդակի «զգալի անկում»: Սերբիան ԵՄ միակ թեկնածուն է, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Պարբերականը նշում է, որ Արևմուտքի կոշտ պահանջների ազդեցության ներքո Սերբիան կատարել է եվրոպական ընտրություն։ Անցյալ շաբաթ Բելգրադը պաշտպանեց ՄԱԿ-ի բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին հանրաքվեների անցկացման և ԴԺՀ-ը, ԼԺՀ-ը, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն իր կազմում ընդգրկելու համար:
Ըստ մամուլի՝ փոխվել է նաև սերբ առաջնորդների հռետորաբանությունը: Սերբիայի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը Euronews-ի հետ հարցազրույցում ասել է, որ Բելգրադը պետք է իր քաղաքականությունը համաձայնեցնի ԵՄ-ի հետ, իսկ Մոսկվայի քաղաքականությունը «գործնականում զավթողական է, և դրան հնարավոր չէ աջակցել»։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը կկայացնի Սերբիայի նոր կառավարությունը, որը պետք է ձևավորվի մինչև հոկտեմբերի վերջ։