Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Նրանցից 5-ը աշխարհը ցնցած գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութում երևացող զինծառայողներն են: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Իշխանասարի դիրքում: Հայ ռազմագերիների սպանության ադրբեջանական հաջորդ տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանական ուժերի վայրագ գործողությունը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքում:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Վերջին տեսագրությունը խոշտանգման, վատ վերաբերմունքի դաժան տեսանյութ էր, դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու ենք: Այստեղ էլ ունենք նույնականացում, ցավոք, զոհված են վերադարձվել: Սա կոպտագույն պատերազմական հանցագործության դրվագ է, պետք է բարձրաձայնենք բոլոր ատյաններում:
Ռազմական էսկալացիայի առաջին օրերին Ադրբեջանը շրջանառեց տեսանյութ՝ իբր բուժօգնություն է ցուցաբերում վիրավոր զինծառայող Դավիթ Գիշյանին, այնուհետև վերադարձրեց նրա դին: Ձեռնարկված նախնական քննչական գործողություններն ապացուցում են՝ Գիշյանին խոշտանգել են, Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Միևնույն ժամանակ Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման փաստով մեր երկրում նախաձեռնվել է քրեական վարույթ. դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ պարզվել են պատերազմական հանցագործության մի շարք դեպքեր:
Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ) - Մարտադաշտում սպանված հայ զինծառայողների դիակները անարգանքի ենթարկելու, այդ կապակցությամբ համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ: Դրանք քրեական վարույթի շրջանակում դարձվել են քննության առարկա, ձեռնարկվում են քննչական, վարութային գործողությունների իրականացում:
Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ նպատակն է բացահայտել ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունները, ամրագրել ապացույցները: Տելեգրամյան ալիքներում հայ ռազմագերիների տեսանյութերի շրջանառության պահից Հայաստանը դիմել է միջազգային իրավական ատյաններ:
Եղիշե Կիրակոսյան - Գնդակահարության հետ կապված տեսագրությունը թե՛ ՄԻԵԴ, թե՛ Հաագա ուղարկել էինք, քանի որ դիմել էինք միջանկյալ միջոցի, նաև Արդարադատության միջազգային դատարանից էինք խնդրել, որ դատարանը նախկինում կիրառած միջոցները կիրառի նորերի նկատմամբ, տեսագրությունը ուղարկվել էր դատարաններին՝ ներկայացնելու վտանգը, որ սպառնում է գերիներին:
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին վերադարձրեց լայնածավալ վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 զինծառայողին: Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Ադրբեջանում նրանց հանդեպ վատ վերաբերմունքի փաստերը ևս ներառելու են միջազգային դատարաններ ուղարկված գանգատներում:
Եղիշե Կիրակոսյան - Թե՛ Պաշտպանն է ասել այդ մասին, թե՛ բժշկական զննության արդյունքում ձեռք բերված նախնական ապացույցներով կարելի է փաստել, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, ծեծի, հետքերը կան:
17 զինծառայողից մեկն է ժամկետային զինծառայող՝ Վահե Գիժլարյանը, որ սեպտեմբերի 13-ին պայքարել է՝ կանխելու թշնամու առաջխաղացումը Ջերմուկի դիրքերում:
Վահե Գիժլարյան (Ժամկետային զինծառայող) - Նկատում ենք, որ հակառակորդը փորձում է մեծաքանակ ուժերով շրջանցել, անցնել թիկունք, փոխադարձ հրաձգություն է սկսվում, քանի որ մեր դիրքը նպաստավոր էր, կարողանում ենք առանց վիրավորի, զոհերի հակառակորդին կորուստներ պատճառել:
Գլխով անցածը փոխել է ապագա մաթեմատիկոսի ծրագրերը: Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել է ԵՊՀ տվյալագիտության բաժին, սովորել անգլերեն, զբաղվել ծրագրավորմամբ: Ադրբեջանում գտնվելու 20 օրում 14 գիրք է կարդացել: Կյանքի այդ փուլի մասին գիրք կգրի: Մտադիր է մանրամասն ուսումնասիրել հայոց ու համաշխարհային պատմությունը:
Վահե Գիժլարյան - Իմ մասնագիտությունը արհեստական բանականություն, նեյրոնային ցանցերն են, զբաղվել եմ մի նախագծով, որը նեյրոնային ցանցի մոդել է, դրվելով անօդաչուի մեջ՝ կոնկրետ խնդրի ծառայեր: Կզբաղվեմ իմ մասնագիտությամբ, բայց մի քիչ դերը կփոխվի: Պատմությամբ եմ զբաղվելու, արդարության ձգտում առաջացավ, որ ճիշտ պատմության մասին խոսեն մարդիկ:
Զինակիցների է կորցրել՝ Արամը, Էդմոնը, որ զոհվել են՝ փրկելով ընկերոջ կյանքը: Ցանկանում է նաև նրանց գործը շարունակել՝ ապաքինումից հետո շարք վերադառնալով:
Նշանակված են հայ զինծառայողների դիերի դատաբժշկական փորձաքննություններ. բոլոր այդ ապացույցները ևս կներկայացվեն միջազգային իրավական ատյաններ:
Արշակ Մարտիրոսյան - Յուրաքանչյուր դեպք առանձին քրեական վարույթի շրջանակում դարձվում է մանրակրկիտ քննության առարկա: Նախաքննությունը շարունակվում է՝ կատարված յուրաքանչյուր հանցագործության դեպքը, դրա համար մեղավոր անձանց շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության հասնելու ուղղությամբ:
Հայ զինծառայողների նկատմամբ դաժանությունների առնչությամբ միջազգային լայն արձագանքից հետո Բաքուն շրջանառեց վերջին ագրեսիայի հետ կապ չունեցող, հին տեսանյութեր՝ պնդելով, թե իբր հայ զինծառայողները խոշտանգել են ադրբեջանցիներին: Ըստ Կիրակոսյանի՝ Բաքվի նպատակն է զոհի տպավորություն թողնել:
Եղիշե Կիրակոսյան - Եթե նայենք տեսագրությունները, որոնցում ադրբեջանցի զինծառայողները կատարում են զազրելի պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ կատարված հանցագործություններ, դրանք հարյուրավոր են՝ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, ծեծերը, դիակների նկատմամբ անարգանքը, գլխատումները, գնդակահարությունը ահռելի շատ են, ծանրագույն են: Տեսանյութերը, որոնք պտտվում են համացանցում կամ եղել են պատերազմի ընթացքում, ենթադրաբար հայ զինծառայողների, մի քանիսն են, 2-3 տեսագրության մասին է:
Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ Եվրադատարանում չկա Հայաստանի դեմ որևէ վճիռ, որոշում՝ հայ զինծառայողների կատարած պատերազմական որևէ հանցագործության վերաբերյալ: Չկա գեթ մեկ դեպք, երբ Եվրոպայի սրտում հայը սպանած լինի ադրբեջանցի սպայի ու հերոսացվի, որ դաժան խոշտանգման ենթարկի փայտ հավաքելու գնացած գյուղացի երիտասարդի կամ հովվի, դիզվառելիք ներարկի Ադրբեջանի տարեց քաղաքացու: Այդ բոլոր գործերով ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ընդդեմ Բաքվի, որոնք մինչև այժմ կատարված չեն: Եվրադատարանի որոշումների կատարումն այս պահին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության տակ է:
Եղիշե Կիրակոսյան - Թե 16-ի պատերազմի ժամանակ, կհիշեք Քյարամ Սլոյանի դեպքը, մեր զինծառայողների կողմից նույնիսկ մոտեցող այդ ծանրությանը, չունենք: Չունենք իրավիճակ, երբ Եվրոպայի սրտում կացնահարած անձը հերոսացվում է, դառնում օրինակ, չունենք նման օրինակ: Սա է ատելությունը, ատելության պաշտոնական մակարդակում քարոզի արդյունքը այս ծանր հանցագործությունն է: Այս կոչը միջազգային հանրությանն է ուղղված, պետք է գիտակցի, որ վտանգը մեծ է: Նման հանցագործությունները անվերահսկելի են կատարվում: Հայաստանն այդ բոլոր ապացույցները հավաքում է, Ռասայական խտրականության դեմ կոնվենցիայի շրջանակում միջազգային դատարանում վարույթի շրջանակում կներկայացվեն: Այդ կոնվենցիայի ուղղակի խախտում են:
44-օրյա պատերազմից հետո Եվրադատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը Մեծ պալատի քննության վարույթում է: Գրավոր ընթացակարգով դիրքորոշումների փոխանակումն ավարտական փուլում է: Մեծ պալատը գործը հրապարակային կքննի հաջորդ տարի: Եվրադատարանում է նաև Ադրբեջանի դեմ հայցը հայ գերիների ապօրինի դատավարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների, Քարագլխի, Փառուխի, Աղավնոյի դեպքերի առնչությամբ: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ առաջիկայում կամփոփեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հիմնական հայցադիմումը և մինչև հունվարի 23-ը կներկայացնեն Հաագա: