Նիդերլանդների արտգործնախարարությունը
հրապարակել է պատգամավորներից մեկի՝ Ja21 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Դիրկ Յան Էպպինկի գրավոր հարցերին երկրի ԱԳ նախարար Վոպկե Բաստիան Հեքստրայի պատասխանները, որոնցում կարևոր շեշտադրումներ են արված։
Մասնավորապես, նախարարն ընդգծել է, որ ի կատարումն շուրջ մեկ տարի առաջ ընդունված Նիդերլանդների խորհրդարանի բանաձևի՝ Նիդերլանդները ծրագրում է ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել Հայաստան։
ԱԳ նախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաև խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը։
Վոպկե Հեքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն, իսկ ԵՄ շրջանակներում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդներն առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։
Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդերլանդներն աջակցություն է տրամադրում Հայաստանին տարբեր ձևաչափերով։ Նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը Նիդերլանդների առաջնային առևտրային գործընկերը չէ՝ առևտրի ծավալների առումով զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:
Անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութին՝ նախարարը նշել է, որ «Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի
դեսպանի հետ հանդիպման ընթացքում իր զազրանքն (հոլանդերեն՝ afschuw) է արտահայտել ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետ կապված և հորդորել անցկացնել անկախ քննություն և հրապարակել դրա արդյունքները»։
Այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը, Նիդերլանդների ԱԳ նախարարի կարծիքով, չի նպաստի խաղաղության հաստատմանը։