ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձևաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ:
Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարևորության և դրան նպաստելու քայլերի իրականացման մասին:
Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին վերաբերող մանրամասներ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները: