Օրենսդրական փոփոխությունն անգամ քաղաքացիներին չի խանգարել այս տարվա ինն ամսում Երևանում 405 ինքնակամ կառուցել: Ըստ օրենքի՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը կառուցված ինքնակամները կարող են օրինականացվել, եթե դիմումները ներկայացվեն մինչև դեկտեմբերի 31-ը, դրանից հետո կառուցված այդ 405 ինքնակամները օրինականացնել այլևս չի լինի, դրանք ենթակա են ապամոնտաժման:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Այս պահի դրությամբ շուրջ 2800 դիմում կա քաղաքապետարանում ինքնակամ շինությունների օրինականացման համար, էդ էն տեղեկատվությունն է, որին մենք տիրապետում ենք: Պրոցեսուալ առումով առաջարկվում է քաղաքացուն, որպեսզի իր միջոցներով քանդի, չի քանդում՝ քաղաքապետի որոշմամբ քանդվում ա, հետո մենք առանձին հայցով դիմում ենք դատարան, որպեսզի փոխհատուցեն մեր քանդման աշխատանքները:
2021-ին Երևանում ինքնակամ շինության 1023 դեպք է բացահայտվել: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի խոսքով՝ անցած տարի ինքնակամների բում է եղել հատկապես Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում: Այս թաղամասերում 475 իրավախախտում է բացահայտվել: Օրինապահը Նուբարաշենն է: Այստեղ ընդամենը 3 դեպք է արձանագրվել:
Ռուբեն Խոջայան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ) - Այս տարվա ընթացքում, եթե թվերով նայում ենք, վարչական իրավախախտումներով կազմված արձանագրությունների թիվը գերակշռում է Կենտրոն վարչական շրջանում՝ դրանք թվով 113-ն են, հետո` Արաբկիր վարչական շրջանում՝ թվով 57-ը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թվով 47-ն են:
Բացահայտված դեպքերին հաջորդում են ապամոնտաժումները: Քաղաքային իշխանությունը 2021-ին Աջափնյակում՝ 100, Մալաթիա-Սեբաստիայում՝ 51, Նոր Նորքում 48 ապօրինի շինություն է քանդել: 2022-ի ինն ամսում ամենաշատ ապամոնտաժումներն արվել են Արաբկիրում՝ 42, Կենտրոնում՝ 40, Աջափնյակում և Նոր Նորքում՝ 34: Բոլոր վարչական շրջաններում կառուցված 405 ինքնակամից 237-ն արդեն քանդվել են:
Ռուբեն Խոջայան - Ինքնակամ կառույցների օրինականացման հայտերն են քննարկվում, և դրա արդյունքում, որոնք որ ենթակա կլինեն օրենքով սահմանված կարգով օրինականացման, կօրինականացվեն, որոնք որ ենթակա չեն լինի, կարծում եմ, որ այդ ամեն ինչի շուրջ լրացուցիչ ուսումնասիրություններ կարվեն, և միասնական ինչ-որ մոտեցում կլինի: Էս պահի դրությամբ գործող օրենսդրությունը մի տարբերակ է նախատեսում, որ այդ շինությունները պետք ա քանդվեն, և զավթված հողատարածքները պետք ա ազատվեն ապօրինի տիրապետումից:
2021-ին մայրաքաղաքում 918 ինքնակամ շինություն է օրինականացվել, որից 298-ը՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի, 620-ը՝ սեփական հողամասերի վրա: Այս տարվա 9 ամսում նախկինում կառուցված 471 շինություն է օրինականացվել:
Սեփական հողամասի վրա իրականացրած իրավախախտումը նախկինում ենթադրում էր տույժ 200.000 դրամ: Համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա իրականացված ապօրինությունները՝ 400.000 դրամ: Վերջին փոփոխություններով տուգանքի չափը մեծացել է. կախված արձանագրության բնույթից՝ այն կարող է լինել 500.000-ից մինչև 2.5 միլիոն դրամ: