Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։
Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ դեսպան Լույոն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային գործակցության հետագա ամրապնդման հնարավորություններին։
Այս համատեքստում Անն Լույոն կարևորել է հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի արդյունքները, այդ թվում՝ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախանշվող համագործակցությունը։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ փոխվարչապետը բարձր է գնատաել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները՝ մեծապես կարևորելով Ֆրանիսայի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: