Ծիածանախայտը՝ ամենաշատ բուծվող, ժողովուրդն ասում է՝ իշխան, որը տալիս է ձկնային արդյունաբերության մոտ 80-90 տոկոսը: Նմուշները 50 տարեկան են, ամբիոնում են վաղուց: Դուք տեսնում եք Սևանի իշխանին. եզակի առանձնյակն է, բնական իշխանն է:
Հայաստանի ձկնատեսակների թիվը 100 տարում գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 50-ի: Բնիկ ընդամենը 22 տեսակն է: Սևանի սիգը ներմուծվել է 1924-1927 թվականներին՝ հարստացնելու Սևանի ձկնաշխարհն ու սպիտակուցային սնունդը ապահովելու նպատակով: Մալարիայի դեմ պայքարի համար 1933-ին Հայաստան է բերվել գամբուզիան:
Սամվել Պիպոյան (կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) - 22 տեսակից համարյա 1-2 տեսակն է, որ պահպանում են գլխաքանակը, դրանցից մեկը արևելյան տառեխիկն է: Մյուս բոլորը բնական պայմանների փոփոխության, արհեստական ջրամբարների, ՀԷԿ-երի, գերորսի հետևանքով ոչնչացել են:
Արժեքավոր ձկնատեսակները՝ կարմրախայտը, Սևանի կողակը, իշխանը, հաշամը, այնքան են քչացել, որ, մասնագետի խոսքով, չունեն արդյունագործական նշանակություն: Սևանի իշխանի չորս ենթատեսակից երկուսը վերացել են՝ երկուսը՝ ամառային իշխանն ու գեղարքունին, բազմացվում են արհեստական պայմաններում, պարբերաբար վերադարձվում լիճ:
Սամվել Պիպոյան - Բավական է, որ արհեստական պայմաններում խնամվող մայրական կազմը վերանա, այդ տեսակը կկորցնենք աշխարհի երեսից: Մյուս երկու տեսակը, որոնք Սևանի էնդեմիկներ են համարվում, կողակը և բեղաձուկը նույնպես, շատ վատ վիճակում են, հայտնվել են Կարմիր գրքի էջերին:
ՁԿՆԱՊԱՇԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Մասնագետները տարբեր միջոցեր են առաջարկում Սևանը ցիանոբակետրիաներից՝ կապտականաչ ջրիմուռներից փրկելու համար: Օրինակ՝ եթե Սևանում անհրաժեշտ քանակով աճի, բազմանա կողակը, կարող է ուտել ջրիմուռի նստվածքաշերտը: Պիպոյանը հիմնախնդիր է համարում ջրամբարների էլոկոլոգիական հավասարակշռության խախտումը:
Սամվել Պիպոյան - Մոռանում ենք, որ ունենք ջրամբարներ, որտեղ կարող ենք զբաղվել ձկնաբուծությամբ: Եթե ներմուծենք այնպիսի տեսակներ, որոնք կարող են սնվել ջրամբարներում ապրող տնտեսական նշանակություն չունեցողներով, բարելավել էկոլոգիական վիճակը, կարող ենք օդից ստանանք մաքուր ձկնամիս:
Դա կարող է մի կողմից տեղի համայնքներն ապահովել ձկնամթերքով, մյուս կողմից՝ զարգացնել տուրիզմը, սիրողական ձկնորսության հասցե դառնալ: Կենսաբանական գիտությունների դոկտորը առաջնային է համարում ձկնապաշարների վերականգնումը: Հայաստանի Կարմիր գրքի ձկների որսն արգելված է, բայց, ըստ Պիպոյանի, դա բավարար չէ: Առաջարկում է ուժեղացնել պահպանությունը, որ առանձին ջրային ավազան, գետի հատվածներ ձեռք բերեն արգելոցի նշանակություն: Հիմնախնդիր է գետերի աղտոտվածությունը:
Սամվել Պիպոյան - Էլ չեմ ասում, որ էստեղ կառուցված են ՀԷԿ-երի քանակություն՝ 180-190 ՀԷԿ է գործում փոքր, որոնք խաթարում են էկոհամակարգը, բնակվող ձկները վատ պայմաններ ունեն նորմալ կենսագործունեության համար:
Գիտնականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրամբարներում տարածված են վարակիչ հիվանդություններ, որոնք վտանգավոր են ձկների համար: Սամվել Պիպոյանը ցույց է տալիս ամուրյան նրբաձուկը, որը կա գրեթե բոլոր տեղերում: Պստիկ, բայց ճստիկ ձկնիկից պարզվում է՝ վտանգ կա: Սնվում է այլ ձկների ձկնկիթով, մանրաձկներով, նրանց կերով: Կարող է հարձակվել անգամ իրենից չափերով մեծ ձկների վրա ՝ վնասելով թեփուկները, սնվելով մաշկով, արունով՝ առաջացնելով խոցային հիվանդություններ:
Սամվել Պիպոյան - Գետային ձկնաշխարհը, թվում է՝ փոքր է, բայց կարող է ձկնարդյունավետություն ունենալ, եթե դադարեցնենք ձկնագողությունը, հատկապես արգելված միջոցներով ձկնագողությունը:
Հայաստանի ձկնաշխարհը պահպանելու, նախկին վիճակին վերադարձնելու համար մասնագետն անհրաժեշտ է համարում ձեռնարկել միջոցառումներ. վստահ է՝ դրան կարող են աջակցել նաև ձկնորսության սիրահարները:
Հեղինակ՝ Անի Օհանյան