Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և կրում է ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների համոզմունքն է: Խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը չի բացառում ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների սահմանումը:
Շտեֆան Մյուլեր Ալտերմատ (Հայ-շվեյցարական բարեկամության խմբի համանախագահ) - Մենք տեսնում ենք, որ կա հստակ ագրեսոր և զոհ, մենք այստեղ ենք, որ ասենք՝ դուք մենակ չեք: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն ունի արժեթղթեր Շվեյցարիայում: Մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, անենք հնարավորը՝ հասկացնելու՝ Շվեյցարիան պարզապես անվտանգ ու ապահով տեղ չէ, որտեղ կարող ես պահել քո գումարը, որով գնում ես զենք` Հայաստանի դեմ կռվելու համար:
Միշել Մատեր (Շվեյցարիայի դաշնային պատգամավոր) - Ժնևի կանտոնի խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քննարկում է նախատեսված:
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԲԱՔՎԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Պատվիրակության անդամներն անընդունելի են համարում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, խիստ դատապարտում հայ գերիների նկատմամբ ռազմական հանցագործությունների իրականացումն ու դրանք պատկերող տեսանյութերի տարածումը:
Սարգիս Շահինյան (Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար) - Սպանությունները, որ տեղի ունեցան ռազմական գերիների դեմ, այդ հայցը պետք է ներկայացվի միջազգային քրեական պալատին:
ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ. ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ևս շվեյցարացի օրենսդիրների դիրքորոշումը հստակ է՝ լուծումը քաղաքական ճանապարհն է: Շեշտում են՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որն այժմ վտանգված է, գոյության խնդրի առաջ են նաև այնտեղ ապրողները:
Շտեֆան Մյուլեր Ալտերմատ - Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային հանրության ուշադրությունից: Հաշվի առնելով տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտը հայերի դեմ, չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի ադրբեջանական կառավարման ներքո: Դա հնարավոր չէ:
Միշել Մատեր - Մենք կանենք հնարավորը, որ բոլորը լինեն բանակցությունների սեղանի շուրջ և լավագույն լուծումը գտնեն, որը հիմնված է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների վրա:
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայաստանի ինքնիշխան տարածքի և ժողովրդավարության վրա հարձակումները քննարկել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է վերջին ագրեսիայի հետևանքները:
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող շվեյցարացի օրենսդիրները կհանդիպեն նաև այլ պաշտոնյաների հետ, իսկ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն արձանագրելու համար կայցելեն ռազմական գործողություններից տուժած բնակավայրեր:
Հեղինակ` Նորայր Շողիկյան