Տնտեսական արդյունավետության տեսանկյունից՝ բնական նույն ռեսուրսով կարելի է մի քանի անգամ արժեք ստանալ: Կանաչ տնտեսության անցնելու այս սկզբունքով մինչև 2024 թվականը գործող ձկնաբուծարանները, հանքերը կանցնեն արտադրության փակ շրջանառու համակարգի: Ջրային նոր օրենսգրքով ջրօգտագործողները տարբերակվել են որպես կրկնակի և երկրորդային:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ ՇՄՆ նախարարի տեղակալ) - Բերում է, ջուրը օգտագործում է, տանում է պոչամբար, պոչամբարում առաջանում է նստվածք, ջուրը զտվում է ու էլի նորից մղվում է հետ, ու նորից օգտագործում են: Շատ քիչ քանակությամբ է պետք լինում հավելյալ ջուր վերցնել: Սա կոչվում է կրկնակի ջրօգտագործում:
Այս տարբերակն արդեն կիրառում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Նույնը չի կարելի ասել Երևանում գործող հանքարդյունաբերության համար, քանի որ Երևանի տրամաբանության մեջ հնարավոր է՝ մի քանի տնտեսվարողի օգտագործած ջուրն օգտագործվի նաև մեկ այլ բիզնեսում, ինչն էլ համարվում է երկրորդային օգտագործող:
Գայանե Գաբրիելյան - Օրինակ՝ ձկնաբուծարանը: Ենթադրենք՝ մենք ունենք ջրային ռեսուրս, կառուցել ենք ՀԷԿ: ՀԷԿ-ը ջուրը վերցնող և վերադարձնող է, որից հետո ջուրը կարող է վերցնել ձկնաբուծարանը:
Հայաստանում 12 ձկնաբուծարան արդեն անցել է ջրօգտագործման փակ շրջանառու համակարգին, որի դեպքում հնարավոր է նույն ջուրը ֆիլտրել և մինչև 8 անգամ օգտագործել: Դրանից հետո այն կարող է օգտագործվել ոռոգման նպատակով: 60 խոշոր արտադրող դեռ աշխատում է նախկին հավաստագրերով:
Ջրային նոր օրենսգրքի պահանջով՝ բացվող ձկանաբուծարանները պարտադիր պետք է ունենան փակ շրջանառու համակարգ: Նախկին հավաստագրերը ևս ժամկետը լրանալուց հետո նույն պահանջով կգործեն:
Ձկնաբուծարանների համար կգործի նաև դասակարգում՝ բարեխիղճ և անբարեխիղճ ջրօգտագործողների: