ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ՉԷ. ՊՈՒՏԻՆ
Մասնակի մոբիլիզացիան կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220,000 մարդ արդեն զորակոչվել է՝ հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։
Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում է ճիշտ և համաչափ:
«Այն, ինչ կատարվում է այսօր, մեղմ ասած՝ տհաճ է։ Մեր խնդիրն Ուկրաինան ոչնչացնելը չէ»,- ընդգծել է Պուտինը։
Արևմուտքի հետ բանակցությունների մասին Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, կմասնակցի G20-ի գագաթնաժողովին: Թե ինչ ձևաչափով, դեռ հստակեցված չէ։ «G20-ի մասնակիցներից որևէ մեկի հետ ուղիղ բանակցությունների մասին դեռևս խոսք չկա։ Իսկ Ջո Բայդենի հետ քննարկումների անհրաժեշտությունը, անկեղծ ասած, չեմ տեսնում», - հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինն անդրադարձել է նաև Ղրիմի կամրջի պայթյունին: Նա զգուշացրել է, որ հացահատիկային միջանցքի հետագա գործարկումը կարող է կասկածի տակ դրվել, եթե պարզվի, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկն Օդեսայից ուղարկվել է հենց Սևծովյան երթուղով։
Հացահատիկային պայմանավորվածությունների կատարումը համակարգող կենտրոնից արձագանքել են Կրեմլի մտավախություններին՝ հացահատիկով բեռնված նավերն Ուկրաինական նավահանգիստներից Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի և Թուրքիայի նավահանգիստներ են մեկնել միայն Ստամբուլ ժամանելուց և Համատեղ համակարգման կենտրոնի մասնագետների համապատասխան ստուգումներն անցնելուց հետո։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Համակարգման կենտրոնում ՄԱԿ-ի ներկայացուցչության մամուլի քարտուղար Իսմինի Պալան։
Նա հավելել է, որ Սևծովյան նախաձեռնության նավերն այլ նավահանգիստներ մտնելու թույլտվություն չունեն և պետք է խստորեն հետևեն հացահատիկային միջանցքի երթուղուն։ «Այդ երթուղին վերահսկվում է շուրջօրյա ռեժիմով՝ շաբաթը յոթ օր», - հավելել է խոսնակը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինայի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել,- հայտնում են Կիևի քաղաքային վարչակազմից։ Նշվում է, որ մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվում։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդային տագնապ է հայտարարվել նաև Դնեպրի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի շրջաններում և Օդեսայում։
Հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանության տվյալով՝ տուժել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՎՆԱՍՎԱԾ 15 ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայում վերականգնվել է ռուսական ուժերի հարվածների պատճառով վնասված 15 էլեկտրացանց՝ տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հավելել է՝ այնուհանդերձ, որոշ քաղաքներում և շրջաններում դեռևս կիրառվում են կայունացնող անջատման ժամանակացույցեր։
Ուկրաինայի նախագահը հորդորել է քաղաքացիներն նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի հնարավոր լինի ապահովել էներգահամակարգի անխափան աշխատանքը։
ԱՄՆ-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ջո Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում են Սպիտակ տնից։
Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է ավելի քան 200 զրահապատ Humvee ամենագնաց, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հակատանկային համակարգեր, հրետանային արկեր, ինչպես նաև դեղամիջոցներ։ Պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ 2021 թվականի հունվարից Կիևին ռազմական աջակցությունն անցել է 18,2 միլիարդ դոլարից։
Ավելի վաղ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնության ծավալն, ընդհանուր առմամբ, հասել է 16,8 միլիարդի։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԾԽԱՀԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌՆՎԱԶՆ 28 ԶՈՀ ԿԱ
Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ։ Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ զոհերի թիվը հասել է 28-ի։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ պայթյունի վայրում գետնի տակ՝ 300 մետր խորության վրա, 115 բանվոր է գտնվել․ նրանց մի մասը տարհանվել է։