Արդեն մեկ ամիս է՝ տարբեր տարիքի ու նախասիրության հեռուստադիտողը վայելում է Առաջին ալիքի գերհագեցած ու բազմազան աշնանային եթերաշրջանը:
Տիգրան Վիրաբյան (Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր) - Նոր եթերաշրջանը բազմաբովանդակ է և բազմաբնույթ: Հանրայինի վերջին 2 տարիների ամենածավալուն եթերաշրջանն ենք մենք նախապատրաստել և՛ բազմաշերտության, և՛ աշխարհագրության առումով: Միայն 2 նախագիծ ունենք, որ նկարահանվում են Հայաստանի սահմաններից դուրս: Մի քանի երաժշտական նախագծեր ունենք, որ արվում են շատ դժվարին պայմաններում:
Դրանցից մեկը՝ ամենամաշստաբայինը, «Դիմակահանդեսն» է: Ամենագաղտնի, ամենաքննարկված, ամենագունավոր ու վառ կերպարներով նախագիծը հեռուստադիտողին էկրանի առջև կպահի արդեն երկրորդ անգամ:
Տիգրան Վիրաբյան - Ինքներս մեր առաջ անընդհատ խնդիր ենք դնում կատարելագործել մեր հմտությունները, և «Դիմակահանդեսը» դրա լավագույն օրինակն է: Նախ՝ առաջին եթերաշրջանը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հեռուստադիտողի կողմից, Հանրայինին բերեց վարկանշային այնպիսի սանդղակ, որին նույնիսկ չէինք էլ մոտեցել շատ երկար տարիներ: Եվ այդ առումով մեզ համար էական նշանակություն ուներ նախագծի շարունակությունը:
Ոչ միայն հեռուստադիտողների, այլև միջազգային գործընկերների արձագանքը հայկական դիմակահանդեսին խիստ դրական էր:
Տիգրան Վիրաբյան - Ամբողջ աշխարհում այդ նախագիծը վաճառվում է տվյալ միջազգային կազմակերպության կոմղից, և իրենք անում են մոնիթորինգ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը շատ բարձր որակ էր տվել, և մեր միջազգային գործընկերները վստահությամբ մեզ թույլ տվեցին իրականացնել երկրորդ եթերաշրջանը:
Ժամանցային-երաժշտական, ռեալիթի ժանրի մրցույթին այս անգամ ևս 12 հայտնիներ են մասնակցում՝ վիշապից մինչև սարդի, շրթունքների, ջոկերի և այլ կերպարներում։
Տիգրան Վիրաբյան - Նախորդ եթերաշրջանի փոքրիկ բացթողումները և նախորդ եթերաշրջանից եկած արձագանքները մեզ օգնեցին, որպեսզի երկրորդ եթերաշրջանում զերծ մնանք էն խնդիրներից, որ եղել են: Տաղավարի փոփոխություն արեցինք, հաղորդավարի, հետախույզների կազմի:
Արամ MP3 (երգիչ, հաղորդավար) - Ես վարում եմ այս հեռուստաշոուն, ես մասնակից չեմ, չնայած կուզեի, ուղղակի հասկացա, որ ինձ շատ շուտ կբացահայտեն:
Այս անգամ կերպարներն ավելի անսպասելի ու ինտրիգային են: Նախագծի ամեն դետալ մտածված է ու ամենակարևորը՝ գաղտնի: Անգամ Արամը, որն ամենից մոտն է կանգնում մասնակիցներին ու երբեմն շփվում է նրանց հետ, չգիտի՝ ով է ելույթ ունեցողը:
Արամ MP3 - Միևնույն է, նրանք ընդհանրապես ձայն չեն հանում և ընենց են պատսպարված, որ չես կարողանում հասկանալ՝ ով ով է: Չնայած հասկացանք, որ կարող են լինել շատ բոյովներ, որոնք կռացած կլինեն, և հակառակը:
Ով ումից մուռ կհանի, ովքեր կամուսնանան, ինչպիսին էր կատարումը, և վերջապես՝ ով է թաքնված դիմակի հետևում՝ բացահայտում ենք ամեն կիրակի՝ 21:50-ին, «Կիրակնօրյա լուրերից» անմիջապես հետո: Լավագույն հեռուստանախագծերի հասցեն Հանրային հեռուստաընկերությունն է: