Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազում. դա են վկայում Քննչական կոմիտեի տվյալները։
2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել։ Այնինչ, ամեն տարի ամբողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում:
Զառա Հովհաննիսյան (Իրավապաշտպան) - Ցավոք, մենք ահազանգերը ստանում ենք այն ժամանակ, երբ, կոպիտ ասած, դանակը հասնում է ոսկորին, և դրանք հիմնականում լինում են արդեն ֆիզիկական բռնության դեպքեր, բայց մենք շատ լավ գիտենք, որ հոգեբանական բռնությունը տարիներ շարունակ հետապնդում է, առկա են սեռական բռնության դեպքեր, և դա դիտարկել մենք կարողանում ենք, երբ լինում են ֆիզիկական բռնության դեպքեր:
Իրավապաշտպանը նշում է՝ ահազանգողների առնվազն կեսը ֆիզիկական բռնության զոհ է լինում: Այս տարվա առաջին կիսամյակում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից Հայաստանում սպանվել է 7 կին։
Զառա Հովհաննիսյան - Մինչև անգամ կնոջը պայթեցնելու դեպք կա այս տարի, կան բավականան ծանր դեպքեր, դանակի, ծանր գործիքների, և պետք է ասեմ, որ դեպքերն ավելի ծանրանում են:
Ցանկացած բռնության ակտ, այդ թվում՝ պատերազմը, ազդում է բռնության այլ տեսակների ավելացման վրա. նախկին կնոջը նռնակով պայթեցնելու դեպքը ևս դրա դրսևորումներից է՝ ասում է, Հովհաննսիյանը:
Հետպատերազմյան շրջանում ոչ միայն ավելացել են բռնության դեպքերը, այլև ավելի են ծանրացել՝ վստահեցնում է «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավարը:
Հասմիկ Գևորգյան («Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար) - Հիմա ընտանեկան բռնությունը իր տեսակով շատ վտանգավոր է դարձել: Եթե 2018-2019 թթ., 2015-ին մենք ունենում էինք մեկ դեպք՝ տարվա մեջ, որ ասում էին՝ ամուսինը զենք ունի, հիմա այլ պատկեր է: Կանանցից շատերը բարձրաձայնում են, որ զուգընկերները զենք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ ազատ զենքի կիրառումը ավելի վտանգավոր է դարձել կանանց կյանքի համար՝ հատկապես ընտանեկան բռնության պարագայում:
2022-ին, վերջին տարիների համեմատ, կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: Եթե նախորդ տարիներին կենտրոնը աջակցություն էր տրամադրում միջինում 300 շահառուի, այս տարի միայն առաջին կիսամյակում արդեն օգնություն է ստացել 550 կին և երեխա: Իսկ ապաստարաններում նախորդ տարիներին բնակվում էին միջինում 60-63 կին և երեխա, այս տարի առաջին կիսամյակում ապաստարանում 91 կին և երեխա է եղել:
Գևորգյանի խոսքով՝ իրենք այս տարի արձանագրել են, որ բռնությունը երիտասարդացել է:
Հասմիկ Գևորգյան - Որովհետև դիմում են ուսանողներ 20-25 տարեկան, ովքեր արդեն զուգընկերային հարաբերություններում տեսնում են բռնությունը ու ահազանգում են:
Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ 2017 թ․ ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը լրջագույն բացեր ունի։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ օրենքը պետք է փոխվի և երաշխավորի կանանց անվտանգությունը։