Տարվա ընթացքում հատկապես ՌԴ-ից Հայաստան եկած մեծ թվով աշխատանքային միգրանտներին բնակարանով ապահովելու համար Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է հաշվառել և գտնել այն սեփականատերերին, որոնք Հայաստանում տուն ունեն, բայց արտերկրում են ապրում: Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նախարարությունը մտադիր է տան դուռը փակած, երկրից հեռացած սեփականատերերին տունը վարձով տալու առաջարկներ ներկայացնել:
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարարության` օրեր առաջ տարածած տեղեկությունն է մեջբերում, որ մեր երկրում դուռը փակ 70 հազարից ավելի բնակարան կա, 8000-ը նորոգել և վարձով են տվել: Հետաքրքրվում է՝ կոնկրետ ինչ է արվում մնացած 62 հազարի հետ:
Խաչատուր Սուքիասյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Դուք, որպես էկոնոմիկայի նախարարություն, ի՞նչ եք կատարել, ի՞նչ գործունեություն եք արել, ո՞ր ՏԻՄ-երի հետ եք աշխատել, ի՞նչ կարգի ծրագրեր եք առաջարկել, բանկային համակարգը ի՞նչ է առաջարկել. շատ հեշտությամբ իրենց կարող են վարկային ծրագրեր առաջարկել:
Արմեն Արզումանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այն խնդիրները կամ այն արագությունը, որ տեղի ունեցավ, դրան ադեկվատ արձագանքել և էնպես արձագանքել, որ բոլորը գոհ լինեն, ունենալ բոլոր թվերը և դրանց հետ կապված` կարողանալ տնտեսությունը այնպես տրանսֆորմացնել, որ այդքան հազար մարդկանց կարողանալ ճիշտ ուղղորդել, էդ փողերը, որ եկել են, ճիշտ ներդնել համապատասխան ոլորտում, բավականին դժվար է: Էն քայլերը, որ էս ժամանակահատվածում արվեցին էկոնոմիկայի նախարարության կողմից, բավական կյանքից էին, և իրավիճակային լուծումներ տրվեցին:
Նախարարի տեղակալը մեկ այլ գործիքակազմ է ներկայացնում՝ մտադիր են արվարձաններում փոքր մակերեսով ու մատչելի գնով կացարաններ կառուցել՝ անկողին և նախաճաշ սկզբունքով: Մյուս մոդելը մասնագիտական ավանների կամ թաղամասերի ստեղծումն է:
Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը շարունակաբար նվազում է՝ տվյալներ է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: Նաև իրենց հարթակներն է ներկայացնում, որով հնարավոր է զբաղվածության հարց լուծել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մենք ունեինք հարթակ՝ ԵԱՏՄ շրջանակում ստեղծված, որը հնարավորություն է տալիս և՛ գործատուին, և՛ աշխատողին գտնել աշխատանք ԵԱՏՄ որևէ երկրում: Ունենք նախնական քննարկում, որ Հայաստանը միանա Работа в ЕАЭС պրոյեկտին, ինքը թվային հարթակ է, քննարկվում է այս պահի դրությամբ:
ԵԱՏՄ երկրների քաղաքացիները մեր երկրում կարող են 180 օր գտնվել առանց աշխատանքի և բնակության իրավունքի, զուգահեռ կարող են բնակության օրինականությունը հավաստող քարտ ստանալ՝ տեղեկացնում է միգրացիոն ծառայության պետի տեղակալը: Մինչև հոկտեմբերի 14-ը ծառայությունը նման 4200 դիմում է ստացել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից, գրեթե բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են: Եվս 1300 դիմում այդ մարդկանց ընտանիքի անդամներից է ստացվել: