Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում հրավիրված գիտական խորհրդի ընդլայնված նիստը անցավ թեժ մթնոլորտում՝ վանկարկումներով ու պաստառներով: Ուսանողների մի մասը ներսում էր, մյուսներն էլ ներքին հեռարձակմամբ նիստին հետևում էին միջանցքներում ու բակում:
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է այս համալսարանը միավորել Մանկավարժական համալսարանի և Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ, ինչն արդեն մի քանի օր Բրյուսովում բողոքի ցույցերի պատճառ է դարձել:
Տիգրան Թորոսյան (դասախոս) - Սա համալսարան է, համալսարանների նկատմամբ հարգանք ունեցող նախագծի հեղինակները պիտի գային համալսարան և համալսարանի հետ քննարկեին, ոչ թե տարբեր հարթակներում: Լավ, հաշվի չեք առնում, մի առեք, բայց գոնե տարրական հարգանք է պետք:
Ընդլայնված նիստին հրավիրվել էին նախարար Վահրամ Դումանյանն ու փոխվարչապետ, Բյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նրանք չէին եկել, քննարկմանը մասնակցում էր նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ասաց՝ նախագիծը դեռ աշխատանքային, սաղմնային փուլում է, ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ իրավական առումով խնդիրներ ունի, թե ոչ: Եվ եթե այն վերջնական տեսքի բերվի, անպայման քննարկվելու է շահագրգիռ կողմերի հետ:
Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Կառավարության որոշման նախագիծը, բնականաբար, ես չեմ կարծում, որ մենք ընդունեինք գաղտնի, ոչ ոք չիմանար դրա մասին: Ինձ թվում է` դա ռեալ չի:
Կողմերը իրենց փաստարկներն ու հակափաստարկներն էին բերում: Համալսարանի ներկայայացուցիչները վկայակոչում էին բուհի զարգացման տեմպերն ու դրական արդյունքները, ընդգծում որակի հասնելու համար տարբեր բուհերում միևնույն մասնագիտությունների մրցակցության կարևորությունը, նախարարի տեղակալն էլ արձագանքում էր.
Կարեն Թռչունյան - Մենք ասում ենք, որ պետք է լինի մրցակցություն ոչ թե Հայաստանի մեջ, այլ ամբողջ աշխարհում:
Թռչունյանն ուշադրություն էր հրավիրում, որ մասնավորապես Բրյուսովի համալսարանը միջազգային վարկանշավորման ցանկերում կամ ընդգրկված չէ, կամ շատ ցածր տեղում է: Ընդդիմախոսները պնդում էին, որ կան օբյեկտիվ պատճառներ, կամ` որ վարկանշավորման այդ համակարգերն ուղենիշ չպետք է լինեն: Ամեն դեպքում, կողմերից ոչ մեկը չփոխեց դիրքորոշումը: Ավելին, նիստի ավարտին ռեկտորն ընթերցեց գիտական խորհրդի պատրաստած հայտարարությունը, որտեղ ուսանողներն ու աշխատակիցները սկզբունքային անհամաձայնություն են հայտնում երեք համալսարանները միավորելու Կառավարության որոշման նախագծին:
Կարինե Հարությունյան (Բյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր) - Համալսարանի գիտական խորհուրդը կոչ է անում Կառավարությանը՝ դադարեցնել այս ապակառուցողական գործընթացը, մենք պատրաստ ենք նախարարության հետ քննարկելու մեր համալսարանի զարգացմանը վերաբերող բոլոր հարցերը և հիմնավորել, որ Բրյուսովի անվան համալսարանը ՀՀ լավագույն բուհերից է, որն անժխտելի ձեռքբերումներ և խոստումնալից ապագա ունի: Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակման դեպքում օգտագործելու հնարավոր միջոցները` բուհը վերահաս կործանումից փրկելու համար:
Ռեկտոր Կարինե Հարությունյանը, խոսելով իր անձնական կարծիքի մասին, ասաց՝ դա քիչ կարևոր է, բայց համարում է, որ մինչև կրթության զարգացման ռազմավարական ծրագրի հաստատվելն ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքն» ընդունելը Կառավարության որոշմամբ այս երեք բուհերը հապճեպ միավորելը անընդունելի է:
Կարինե Հարությունյան - Որոշ խոշորացում գուցեև պետք է անել, բայց պետք է ունենալ բոլոր 16 համալսարանների ընդհանուր պատկերը, պետք է ունենալ որոշակի հաշվարկներ, հիմնավորում, հետազոտություններ, ունենալ մի հատ ամբողջական պատկերը համալսարանի, սկզբունքներ որդեգրել, թե ինչ սկուզբունքներով պետք է խոշորացումը արվի, պետք է նաև հստակ հիմնավորում լինի յուրաքանչյուր համալսարանի միավորման դեպքի համար:
Բրյուսովի անվան համալսարանը այլ բուհերի հետ միավորելու հարցը օրակարգում էր հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ այսօրվա ռեկտորը կրթության և գիտության փոխնախարարն էր: Կարինե Հարությունյանը այն ժամանակ միավորմանը դեմ չէր արտահայտվում:
Կարինե Հարությունյան - Օրակարգում հայտնվել են տարբեր բուհերի միավորումներ, բայց առաջին անգամ է, որ հայտնվել է Մանկավարժական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց` օրակարգում: Առավել ևս, չի եղել երբևիցե նաև երրորդ բուհը միացնելը:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում կա՞ մի բուհ, որի հետ միավորումը ճիշտ կհամարի, ինչպես տասը տարի առաջ: Հարությունյանը հորդորեց այդպիսի հարցեր չտալ:
Հեղինակ` Աննա Զախարյան