ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԾԽԱՀԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌՆՎԱԶՆ 41 ԶՈՀ ԿԱ
Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ պայթյունի վայրում գետնի տակ՝ 300 մետր խորությամբ, 115 բանվոր է եղել: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ հանքում մնացած 58 բանվորներին գտել և տարհանել են: Մնացած հանքագործները դուրս են եկել ինքնուրույն: Դեռևս անհայտ է մնում մեկ հանքագործի ճակատագիրը:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԿՊԱՅՔԱՐԻ ԹԱՅՎԱՆԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ
Չինաստանը վճռականորեն կպայքարի Թայվանի անջատողականների դեմ, որոնց՝ կղզու անկախացմանն ուղղված փորձերը կարող են աղետի հանգեցնել: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ Կոմկուսի 20-րդ համագումարի պաշտոնական ներկայացուցիչ Սուն Ելին: Նա հավելել է, որ Պեկինը տրամադրված չէ առճակատման և ձգտում է խաղաղ միավորման:
«Մենք հավատարիմ կմնանք «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին և հնարավորություն կստեղծենք խաղաղ միավորման համար», - ասել է Սուն Ելին:
Նա նաև նշել է, որ Չինաստանի ղեկավարությունը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ոտնահարել իր շահերը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է «ԴՐՈՒԺԲԱ» ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Լեհաստանի տեխնիկական ծառայություններն ավարտել են «Դրուժբա» նավթամուղի վնասված հատվածի վերանորոգումը և վերականգնել աշխատանքը: Այս մասին հայտնել է խողովակաշարի լեհական հատվածի օպերատոր PERN ընկերությունը։ Նավթը շարունակում է մատակարարվել Գերմանիայի ընկերություններին:
«Մատակարարումներն իրականացվում են արևմտյան հատվածի երկու խողովակաշարերով»,- հայտնել են ընկերությունից և հավելել՝ այժմ փորձ է արվում պարզել խափանման պատճառները:
ԲԵԼԳՈՐՈԴԻ ՆԱՎԹԱԲԱԶԱՅԻ ՀՐԴԵՀԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է
Բելգորոդի նավթաբազայի հրեդհն արդեն մեկուսացվել է: Կրակը բռնկվել էր Ուկրաինայի հրթիռակոծությունից հետո, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: ТАСС-ի զրուցակիցը հայտնել է, որ նավթաբազայում վնասվել է տասը ամբարներից մեկը, որում եղել են դիզելային վառելիքի մնացորդներ: Նրա խոսքով՝ մնացած նավթամբարները դատարկ են և չեն վնասվել:
ՇՈԼՑԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՄԻԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՄ-ՈՒՄ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման և ընդլայնման օգտին՝ կոչ անելով աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքն արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում: Նա նշել է, որ բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է նոր անդամների ընդունմանը նախապատրաստվելու համար:
Կանցլերը կարծիք է հայտնել, որ անցումը ձայների մեծամասնության սկզբունքին կլինի հաղթանակ, ոչ թե ինքնիշխանության կորուստ:
«Միասնական Եվրամիությունը՝ բաղկացած 27, 30, 36 պետություններից, որտեղ բնակվում է ավելի քան 500 մլն ազատ և իրավահավասար քաղաքացի, կարող է ավելի մեծացնել իր կշիռն այս աշխարհում», - հայտարարել է Շոլցը:
Նա նշել է, որ պետք չէ աչքաթող անել միության անդամ փոքր պետությունների մտահոգությունները: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ղեկավարը հանդես է եկել ԵՄ-ի ռազմական անկախության օգտին։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում են Կիևի քաղաքային վարչակազմից։ Նշվում է, որ մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդային տագնապ է հայտարարվել նաև Դնեպրի, Պոլտավայի, Խարկովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի շրջաններում և Օդեսայում։ Հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։
Տեղական իշխանության տվյալով՝ տուժել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ քաղաքացիներն հորդորել է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի հնարավոր լինի ապահովել համակարգի անխափան աշխատանքը։
ԱՄՆ-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ջո Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում են Սպիտակ տնից։
Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է ավելի քան 200 զրահապատ Humvee ամենագնաց, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հակատանկային համակարգեր, հրետանային արկեր, ինչպես նաև դեղամիջոցներ։ Պենտագոնից հավելել են, որ 2021 թվականի հունվարից Կիևին ռազմական աջակցությունն անցել է 18,2 միլիարդ դոլարը։