Արևի էներգիան Տավուշում նաև տնտեսական խնդիրներ է լուծել: Բերդ խոշորացված համայնքի 11 բնակավայրում համայնքային ենթակայության 20 շենք-շինության վրա 350 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել: Արժեքը 110 մլն դրամ է, խոշորացված համայնքի հետ ծրագիրը իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ԱՄՆ կառավարության միջոցներով:
Դավիթ Ասլանյան (ՀՏԶՀ ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի համակարգող) - Դա գիտեք ոչ ավել, արևաշատ տարիներին՝ ոչ պակաս, 26, 27, 28 մլն դրամի կոնկրետ խնայողություն է համայնքային բյուջեում:
Արևային խնայողությունները խոշորացված համայնքում կուղղեն նույն համակարգի զարգացմանը, փողոցների գիշերային լուսավորությանը: Նպատակ կա Բերդը դարձնել կանաչ համայնք, ավելացնել արևային պանելները, խթանել վերականգնվող էներգիայի զարգացմանը: Տարածքային զարգացման հիմնադրամի ռազմավարությունն է Հայաստանի տարածքում նմանատիպ 65 կայան տեղադրել:
Դավիթ Ասլանյան - 1000 կվտ ընդհանուր հզորությամբ մոտավորապես: Դոնորի և Կառավարության կողմից իհարկե խրախուսվում է այս արևային կայանների տեղադրումը:
Սա Բերդում արևային ֆոտովոլտային կայանների օգտագործման միակ ծրագիրը չէ: ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի և գլոբալ էկոլոգիական հիմնադրամից էլ երկու ծրագիր իրականացվել է Բերդի բազմագործառութային պետական քոլեջում: Ընդհանուր 23 կվտ հզորությամբ արևային կայաններ են տեղադրվել:
Դավիթ Ասլանյան - Գումարային 7 կվտ հզորությամբ կայաններ են տեղադրվել և որպես աշխատանքային բաղադրիչ տեղադրվել է ևս 6 կվտ հզորությամբ կայան Բերդի կանանց ռեսուրս կենտրոնում: Եվս մեկ բաղադրիչով արդեն Բերդի բազմաֆունկցիոնալ քոլեջում ևս 10 կվտ հզորությամբ կայան է տեղադրվել:
Ամառվա արևի ջերմությունը աշնան սկզբին արդեն Բերդի քոլեջում զգում են վերականգնվող էներգիայի արդյունավետությունը: Արդյունքն է ներկայացնում տնօրեն Ավալյանը:
Աննա Ավալյան (Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն) - Մինչև օրս, կարելի է ասել, համարյա 50-60 տոկոս խնայողություն ենք ունեցել: Համաձայն մեր նախնական պայմանավորվածության՝ խնայողությունները կօգտագործվեն միայն հաստատության նյութատեխնիկական բազայի համալրման համար:
Նյութատեխնիկական բազայի համալրման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը արևային կայաններից բացի Բերդի քոլեջին տրամադրել է նաև լաբորատոր սարքավորումներ, որոնք այժմ օգտագործվում են նոր մասնագիտության յուրացման համար: