Հայաստանում 26 ավտոկայարան կա, այս պահին գործողների թիվը հազիվ մեկ տասնյակին է մոտենում: Մյուսներն այնքան անմխիթար վիճակում են, որ շահագործումն անհնար է:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված ներդրումային կոմիտեի նիստում ներկայացվեց ծրագիր, ըստ որի՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետք է հանձնվի կոնցեսիոն կառավարման, ինչի արդյունքում կկառուցվի մեկ նոր ավտոկայարան, մյուսներն էլ կնորոգվեն ու կարդիականացվեն:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մենք այսօր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կազմում ունենք 26 ավտոկայարան-ավտոկայաններ և 2 հողատարածք, մեկը՝ Երևանում, մեկը՝ Ծաղկահովիտ գյուղում: Երևանի այդ հողատարածքում, որ Շիրազի փողոցում է, մոտ 3000 ք. մ մակերեսով, պլանավորում ենք մասնավոր ներդրումների միջոցով կառուցել նոր ավտոկայարան, և նախնական մակետն էլ ունենք:
Նոր ավտոկայարանի կառուցման նպատակը մայրաքաղաքի ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Երևանում այսօր երկու ավտոկայարան է գործում՝ Կենտրոնականն ու Հարավայինը, ևս մեկը՝ Հյուսիսայինը, թեև Պտղնիում է, բայց դարձյալ հիմնականում ապահովում է մարզերի հետ մայրաքաղաքի կապը: Բոլոր 26 ավտոկայարանների ու նոր կառուցվողի մակետները պատրաստ են: Նախարարությունը պատրաստվում է առաջիկայում մրցույթ հայտարարել, որի հաղթողը պարտավորված կլինի մոտ 6 մլրդ դրամի ներդրումներ իրականացնել «Հայավտոկայարանի» բոլոր ենթակառուցվածքներում: Այս գումարը զուտ շինարարական աշխատանքների համար է, սրան կգումարվի գույքի ձեռքբերումը, տեխնոլոգիական հագեցվածության ապահովումը:
Արմեն Սիմոնյան - Գույքը կմնա պետական, ուղղակի կառավարումը կհանձնվի մասնավորին, և մասնավորին նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքները կտրվեն, այն իրավունքները, որոնցով այսօր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն եկամուտ է գեներացնում:
Նոր ավտոկայարանները կունենան ժամանակակից ճարտարապետական լուծումներ, կլինեն հատուկ կայանատեղիներ, շենք-շինություններ, որտեղ կլինի դրամարկղը, բուժկետը և սպասասրահը, տեղեր են հատկացված նաև սրճարանների համար: Այցելեցինք ամենամեծ ու ամենաբանուկ ավտոկայարան՝ Կենտրոնականը, որտեղ ամեն օր 35 երթուղի է սպասարկվում:
Սամվել Խաչատրյան («Հայավտոկայարան» ՓԲԸ կենտրոնական ավտոկայարանի պետ) - Ունենք խնդիրներ, որոնք խանգարում են, որոշ խնդիրներ հարթվել են: Մեզ հայտնի հանգամանքները՝ պանդեմիան, հետո՝ պատերազմները, որոշակի բեկում մտցրին՝ վատ առումով, ավտոկայարանի աշխատանքներում, բավականին գծեր կրճատվեցին, երթուղիների քանակը պակասեցրին, դրանից ելնելով՝ վճարվող գումարները քիչ են, որոնք չեն կարողանում ծածկել ծախսերը:
Հյուսիսային ու Կենտրոնական ավտոկայարաններում գործում է տոմսային համակարգ, քաղաքացին դրամարկղից գնած տոմսով է երթևեկում, բայց կան ավտոկայաններ, որտեղ գումարը ուղևորից վարորդներն են ստանում: Այս ամենը նոր կայարանների գործելու պարագայում կվերանա՝ կգործի տոմսային համակարգը:
Սամվել Խաչատրյան - Շենքը ինքն իրենով արդեն կեսդարյա կառույց է, չնայած՝ տեսքը՝ ոչինչ, արտաքինից լավ է պահպանվել, բայց շատ բաներ կան, որ հնացել են, հնաոճ են: Սկսենք հատակից. հնացել է, ասֆալտապատումից, հնարավորություն չունենք ասֆալտապատում իրականացնենք: Սենյակները կիսաքայքայված վիճակում են, չունենք հնարավորություն նորոգելու, վարձով տալու համար:
Քիչ չեն մարզեր գնացող զբոսաշրջիկները՝ պատմում է Սամվել Խաչատրյանը: Հարցը միայն կայարաններով չի լուծվի՝ շարունակում է արդեն փոխնախարար Սիմոնյանը, դրանց հետ միասին պետք է նորացվեն տրանսպորտային միջոցները, ինչը ևս արվում է:
Արմեն Սիմոնյան - Մենք նախատեսում ենք այն վայրերում, որտեղ հետագայում տրանսպորտային հոսքերի տեսանկյունից ավտոկայարանի կամ ավտոկայանի կառուցման անհրաժեշտություն կլինի և դա հիմնավոր կոնցեդենտի կողմից, ապա կոնցեսիոները չի առարկի նշված վայրում ավտոկայարան կամ ավտոկայան կառուցելու հարցում:
Ժամկետները դեռ հստակ չեն, բայց մրցույթի հայտարարումից մինչև շինարարության ավարտ, ըստ նախարարության պլանների, կտևի 3 տարի: Մրցույթը, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկա մի քանի ամսում:
Սիմոնյանի խոսքով՝ ծրագրով արդեն իսկ հետաքրքրվողներ կան: