Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:
«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն նշված և այլ ուղղություններով դեռևս մեծ աշխատանք կա անելու:
Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել Խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը և Խորհրդի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են Խորհրդի հետագա անելիքների ուղղությունները, որոնք վերաբերում էին փաստագրական, տեղեկատվական և այլ ուղղությունների:
Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով: