Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը գործարար համայնքի որոշ շրջանակների դժգոհության պատճառ է դարձել. վերջիններս նշում են, որ օրենսդրական շտկումների անհրաժեշտություն կա, նաև՝ համակարգը տեխնիկապես ամբողջությամբ պատրաստ չէ: Հիշեցնենք՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ: Օրեր առաջ Ազգային ժողովում աշխատանքային քննարկում տեղի ունեցավ այս թեմայով:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» ՀԿ փոխնախագահ) - Մինչ օրս բազմաթիվ տնտեսվարողներ թեև դիմել են բանկերին, սակայն չեն կարողանում ստանալ պոս-տերմինալներ: Մյուս խնդիրը վերաբերում է միջնորդավճարներին անկանխիկ գործառնություններ իրականացնելիս. տնտեսվարողներն ասում են, որ դրանք շատ են՝ փաստորեն, 1.5-ից մինչև 3, եթե չեմ սխալվում՝ 4 տոկոսի կարող են հասնել:
Բադալյանը նշում է՝ խնդիր է նաև 300 հազար դրամ սահմանաչափը, որը միջազգային փորձի համեմատ՝ ցածր է: Ըստ նրա՝ կան տնտեսվարողներ, որոնց գործարքները չեն կարող գերազանցել 2-3 հազար դրամը, բայց օրենքի շրջանակներում նրանք նույնպես ստիպված ծախսեր են իրականացնում:
Էդուարդ Բադալյան - Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ մեր Կենտրոնական բանկը կա՛մ հարցը չի քննարկել բանկերի հետ մինչև օրենսդրական նախագծի տեսք տալը և ներկայացնելը ԱԺ կողմից ընդունման, կա՛մ եթե քննարկել է, չի ստացել պատշաճ ու հավաստի տեղեկատվություն, որովհետև պարզվեց, որ բանկերի մի մասը հրաժարվել է սպասարկել համապատասխան քանակի պոս-տերմինալներ, քանի որ համարել է, որ դա իր ուղղվածությունը չէ:
Մասնագետների գնահատմամբ՝ հարցը պետք է դիտարկել տեխնիկական և ռազմավարական առումով: Այն, որ խնդիրներ առկա են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ դա չեն հերքում:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Միջնորդավճարների առումով նույնպես իրավական դաշտում է հարցը, և պետությունը կարող է շատ հստակ պայմաններ դնել բանկերի հետ կապված փոխհարաբերություններում, իրավական կարգավորումներում:
Օրենքի հեղինակ Կենտրոնական բանկը, իսկ հետո արդեն Ազգային ժողովն այս որոշումն ընդունելիս նշում էին, որ օրենքը ստվերի կրճատմանն է ուղղված: Ըստ Էդուարդ Բադալյանի՝ սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Տնտեսագետ Սոս Խաչիկյանն իր մեկնաբանությունն ունի:
Սոս Խաչիկյան - Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ սրա շրջանակում ստվերը կմեծանա, գուցե ստվերի նվազեցման հետ կապված դիտարկումներն էլ այնքան մեծ չլինեն, այդքան ակնհայտ չլինի, սակայն մի բան ակնհայտ է, որ այս օրենքը տնտեսական համակարգի վերահսկելիությունը բավականին մեծացնում է:
Ազգային ժողովում կայացած քննարկմանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը լսել է բարձրացված խնդիրները և գույքագրել դրանք:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Գույքագրելու նպատակն էլ հետևյալն է, որ առաջիկայում նախատեսվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ ու էդ փաթեթով փոփոխություններ: Մենք փորձելու ենք շտկել բոլոր բացերը, որոնք ընթացքում ի հայտ են եկել, ու էս քննարկումը նաև էդ պրոցեսին օգտակար կլինի:
Նշենք՝ առաջին տարում օրենքը գործում է Երևանում, 2023-ի հուլիսի 1-ից՝ մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի ողջ տարածքում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան