Չինաստանի իշխանությունները վճռականորեն կպայքարեն Թայվանի անջատողականների դեմ, որոնց՝ կղզու անկախացմանն ուղղված փորձերը կարող են աղետի հանգեցնել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ Կոմկուսի 20-րդ համագումարի պաշտոնական ներկայացուցիչ Սուն Ելին:
«Որևէ մեկը չպետք է թերագնահատի նման փորձերին դիմակայելու մեր վճռականությունը: Մենք կպայքարենք կղզու, այսպես կոչված, անկախության կողմնակիցների դեմ»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ Պեկինը տրամադրված չէ առճակատման և ձգտում է խաղաղ միավորման:
«Մենք հավատարիմ կմնանք «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին և տարածք կստեղծենք խաղաղ միավորման համար»,- ասել է Սուն Ելին:
Նա նաև նշել է, որ Չինաստանի ղեկավարությունը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ոտնահարել իր շահերը: «Առաջիկա 50 տարվա ընթացքում չին-ամերիկյան կապերի համար առավել կարևոր է գտնել փոխգործակցության ճիշտ ճանապարհը»,- եզրափակել է պաշտոնյան: