Ֆրանսիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել 100 միլիոն եվրոյի հիմնադրամ ստեղծելու համար, որպեսզի Կիևը կարողանա ֆրանսիական արտադրողներից զենքի ուղղակի գնում կատարել։ Համաձայնագիրը ստորագրել են Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ուկրաինայի կողմից սարքավորումների ուղղակի գնումների համար 100 միլիոն եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ Փարիզն արդեն Կիևին է մատակարարել 155 մմ տրամաչափի 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայանքներ՝ դրանք վերցնելով ցամաքային զորքերի ռեզերվից։ Բացի այդ, Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան աշխատում է Դանիայի հետ Ուկրաինային ևս վեց CAESAR հաուբից մատակարարելու համար։ Փարիզը Կիև կուղարկի նաև ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ։
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան