Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը, որը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մայիլյանը: Նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային նշանակության հարցեր, մասնավորապես` 2021-2022 թվականների ընթացքում Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված այն աշխատանքները, որոնք ուղղված են թիրախային խմբերի շրջանում առկա խնդիրների բացահայտմանն ու կանխարգելմանը, բուժման մատչելիությանը, աջակցության ծառայությունների հասանելիության մեծացմանը, խարանի ու խտրականության վերացմանը:
Ընդգծվել է, որ ներկայացված դրական արդյունքները նկատելիորեն կազդեն ՄԻԱՎ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց կյանքի որակի վրա:
Նաև անդրադարձ է կատարվել Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագրի շարունակման և պետական աջակցության հնարավորություններին, քանի որ մինչ օրս կատարվող աշխատանքները, որոնք բավական մեծ փոփոխություն են բերել, կարիք ունեն շարունակականության՝ ձեռքբերումներն ամրագրելու և շարունակելու համար:
Մասնակիցները ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր են բարձրացրել, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ: