«Ռոսատոմը» փաստաթղթեր կներկայացնի Սաուդյան Արաբիայում առաջին ատոմակայանի կառուցման մրցույթի շրջանակներում:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում ասել է, որ այդ նպատակով փաստաթղթերը շուտով կներկայացվեն, նաև հույս հայտնել, որ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կզարգանա ոչ միայն ատոմակայանների կառուցման, այլև ընդհանրապես խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան քննարկում են համատեղ նավթաքիմիական նախագծեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի տարածքում։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ռուս մասնագետները պատրաստ են մասնակցելու Սաուդյան Արաբիայում հետախուզական աշխատանքներին, ՋԷԿ-երի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի օբյեկտների վերանորոգմանը և կառուցմանը։
«Ռոսատոմն» այսօր ԱԷԿ-ի շինարարություն է իրականացնում Թուրքիայում և նոր էներգաբլոկների կառուցման լիցենզիա է ստացել Հունգարիայում:
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան