ԱԳՆ ԽՈՍՆԱԿՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ չեն անցկացվի երրորդ երկրներում:
Հունանյանը մանրամասնել է, որ հնչել են տարբեր առաջարկներ, այդ թվում՝ սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։
Ավելի վաղ, Թուրքիայի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Լրագրողի հարցին՝ «Ապագայում կարո՞ղ ենք սպասել պայմանագիր»՝ Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է, որ այս պահին չկա պայմանագրի նախագիծ, որը պետք է ստորագրվի Հայաստանի հետ: «Չենք բանակցում որևէ պայմանագրի շուրջ»,- շեշտել է Չավուշօղլուն՝ մանրամասնելով, որ այժմ քննարկվում են հարաբերությունների կարգավորմանը և փոխվստահության ձևավորմանն ուղղված քայլեր:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հիմնական խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բացակայությունն է: «Այդ ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են»,- նշել է արտգործնախարարն ու եզրափակել, որ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը բավական արդյունավետ է եղել:
ԲԱՔՈՒՆ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է ՈՐԱԿԵԼ ՄԱԿՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
«Կտրականապես մերժում ենք նաև Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները»,- նշված է հայտարարությունում։ Գերատեսչությունը նշել է նաև, որ Ադրբեջանը չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությունից, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին և հոկտեմբերի 6-ին։ «Սակայն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես միջնորդի չեզոքությունն ու անաչառությունը»,- հայտարարել են արտգործնախարարությունից:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում անդրադարձել էր 44-օրյա պատերազմին և այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժմանը՝ շեշտելով՝ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին:
ԼՈԳԻՍՏԻԿ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ. ՊՈՒՏԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է անդրեվրասիական «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» լոգիստիկ միջանցքների կազմակերպումը:
«Առանցքային խնդիր է վերազինել «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» անդրեվրասիական լոգիստիկ միջանցքները, որոնք անցնելով ԱՊՀ երկրների տարածքով, հետաքրքրում են ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր պետություններին և մեր հարևաններին»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հավելել է, որ դրանք ավելացնելու են տրանսպորտային հնարավորությունները ու տնտեսական օգուտները։ Ըստ նրա՝ «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» միջանցքները նոր հնարավորություններ են բացում ձեռնարկատիրական նախաձեռնությունների, խոշոր ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման համար։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԿՍՏԵՂԾՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայում կարճ ժամանակում միջազգային գազային հանգույց կստեղծվի, իսկ դրա ամենահարմար վայրը Թրակիան է՝ երկրի եվրոպական մասում՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով հոկտեմբերի 13-ին Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները, որոնց ժամանակ քննարկել են նաև այդ հարցը։
«Անվտանգության ապահովման հարցում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, նախնական աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ «ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ» ՀԱՄԱՐ
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծի, որի համաձայն լրագրողները և սոցցանցերի օգտատերերը կարող են դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման «կեղծ լուրեր» տարածելու համար: Նոր կանոններն ամրապնդում են կառավարության առանց այն էլ խիստ վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա համապետական ընտրություններից 8 ամիս առաջ:
Եվրախորհուրդը նշել է, որ օրինագծում «ապատեղեկատվության» անորոշ սահմանումը և դրա համար նախատեսված ազատազրկման սպառնալիքը կարող են ունենալ «զսպող ազդեցություն և մեծացնել ինքնագրաքննությունը, հատկապես 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների շրջանում»: