ՊՈՒՏԻՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԻԵՎԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՌԴ-ՈՒՄ
ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից առաջ ԱՊՀ երկրների ղեկավարները լուսանկարվել են: Իր ելույթում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի մեղադրանքներին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի համար, հայտարարել է, որ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ոչ կոռեկտ ու անընդունելի են: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը:
ԵՄ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐ
Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար՝ վստահեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:
«Սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է չափազանց փխրուն մնալ։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշել է Բորելը:
Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում:
«ԵՄ-ը երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և ադրբեջանական ուժերին կոչ է արել անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն կողմերին խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատարը:
Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։
ԶԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ ԿԱՐՈՂ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾՎԵԼ
Մոսկվայի և Կիևի հետ խորհրդակցություններից հետո հնարավոր է եղել մոտենալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման նպատակին՝ հայտարարել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը: Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ իրավիճակն անընդունելի է կայանի տարածքում և անհրաժեշտ է անհապաղ գործողություններ այն պաշտպանելու համար:
Երեկ Գրոսին հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, նաև մանրամասնել էր ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու շուրջ քննարկումների առաջընթացի մասին։ Երեքշաբթի ԱԷՄԳ-ի ղեկավարը հանդիպել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է կառույցի կողմից միջուկային զենքի օգտագործման հավանականությունը: «Հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է կամ ստիպված կլինի միջուկային զենք օգտագործել, այժմ չափազանց անիրատեսական է: Սա ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է, և այն կմնա մեր դիրքորոշումը միջուկային զենքի ցանկացած հնարավոր կիրառման վերաբերյալ»,- հայտարարել է Ենս Ստոլտենբերգը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ներքաշվի Ուկրաինայի հակամարտության մեջ: Օսթինը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային և կաշխատի ավելացնել զենքի արտադրությունը:
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Բելառուսում նախատեսում են զորավարժություններ անցկացնել՝ ստուգելու զինված ուժերի, տարածքային պաշտպանության զորքերի պատրաստվածությունն «անսպասելի իրավիճակների համար»՝ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի զինապարտ քաղաքացիները վերհիշեն զենքի հետ վարվելու հմտությունները: Մակեյը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինված ուժերի կառուցվածքը նույնն է, և Մինսկը հետևում է այն խնդիրներին, որոնք երբեմն առաջանում են Ռուսաստանում մասնակի զոևահավաքի ժամանակ։
ԼԻԲԱՆԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Լիբանանը ընդունում է Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված ծովային սահմանի համաձայնագիրը՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ շեշտելով, որ 10 տարվա բանակցությունները «դրական ավարտ են ունեցել»: Աունը նշել է, որ գործարքը «պատմական ձեռքբերում» է, որով Լիբանանը վերականգնել է 860 քառակուսի կմ վիճելի ծովային տարածքը: Լիբանանի նախագահը, միևնույն ժամանակ ընդգծել է, որ դա ճանապարհ չի հարթում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Ծովային սահմանի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, երբ Լիբանանը և Իսրայելը նամակներ ուղարկեն Վաշինգտոն. ԱՄՆ-ն ծանուցում կհրապարակի գործարքի կայացման մասին: Իսրայելն ու Լիբանանն այնուհետև պետք է ՄԱԿ ուղարկեն սահմանի կոորդինատները՝ պաշտոնապես ճանաչելու համար: Լիբանանի նախագահը նաև նշել է, որ հաջորդ քայլը կլինի Սիրիայի հետ բանակցություններ սկսելը՝ վիճելի սահմանների հարցը լուծելու համար, իսկ հետո Կիպրոսի հետ ծովային սահմանների քննարկում կսկսվի: