Թույլտվությունն անհրաժեշտ է ոչ միայն կառուցապատման, այլև արդեն գոյություն ունեցող շենք-շինությունները քանդելու-ապամոնտաժելու համար: Եվ, որ գործընթացը անխոչընդոտ լինի, կոմիտեն օրենսդրական մի քանի փոփոխություն է առաջարկել, որն առանձին կետով կանոնակարգում է նաև քանդման գործընթացը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է:
Նախ ապամոնտաժման վերաբերյալ:
Առանց թույլտվության՝ քանդման աշխատանքներ չի թույլատրվում կատարել: «Քանդում»-ն օրենքում առանձնացվել է «կառուցապատում» եզրույթից և առանձին կետով է ներկայացվելու:
Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Եթե ապօրինի կամ ինքնակամ կամ առանց թույլտվության քանդում ա իրականացվում, ինչպիսի պատասխանատվություն է սահմանվում: Մենք հստակեցրեցինք Վարչական իրավախախտումների օրենքում և «Քաղաքաշինության մասին» օրենքում, որ բոլոր պատասխանատվությունը վերաբերի նաև քանդման դեպքերին:
Իսկ պատասխանատվությունը նույնն է, ինչ առանց թույլտվության շինարարության դեպքում էր: Քաղաքային բնակավայրերում այդ տուգանքը 500 հազար դրամ է, գյուղերում փոքր-ինչ մեղմ է՝ 100 հազար:
Դավիթ Գրիգորյան - Տուգանքի չափը չի փոխվել նախագծով, ուղղակի հստակեցվել է, որ այդ տուգանքը կվերաբերի նաև քանդման դեպքերին: Փոփոխություն է կատարվում նաև կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու կարգավորման մասին կետում, ընդ որում՝ կառուցապատման մեջ մտնում է թե՛ նոր շինության կառուցումը, թե՛ արդեն եղածի քանդումը:
Այս պարագայում գործում է տուգանք՝ առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում ընդհանուր շինարարության նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով. եթե կառուցապատողը աշխատանքները չի ավարտում նաև նոր ժամկետում, ստիպված կլինի վճարել նախահաշվային արժեքի 10 տոկոսի չափով:
Դավիթ Գրիգորյան - Խնդիրը ինչումն էր կայանում, որ մենք ունենք մի շարք նախագծեր, որոնք չունեն նախահաշիվ իրականացրած, նախահաշվային արժեքը չունենք, ինչը թույլատրվում է օրենքով, չի հակասում մեր օրենսդրությանը, ստացվում էր, որ մենք տուգանք ենք սահմանում նախահաշվային արժեքի 1 կամ 10 տոկոսի չափով, բայց որոշ դեպքերում չենք ունենում այդ արժեքը, և խնդիր էր առաջանում:
Հիմա Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է, որ այդ դեպքերում, երբ չկա նախահաշվային արժեք, տուգանքը սահմանվի շինարարության ծախսերի խոշորացված հաշվարկների միջոցով: Կոմիտեն մշակած մեթոդաբանություն ունի, երբ նախահաշվի բացակայության դեպքում հաշվում են շինարարության ծախսերը: Այս մեթոդաբանությունը Քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում կվերանայի: