Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ: Նրանց ապրելավայրերի քարտեզը, սակայն, Դիլիջան ազգային պարկից կձգվի մինչև Տավուշի, Լոռու անտառներ:
Կարեն Մանվելյան (WWF-Հայաստանի տնօրեն) - 3 առանձնյակ ենք բաց թողել բնություն՝ ռադիովզկապները վրաները, ու մենք իրանց տեղադիրքը կստանանք միշտ:
2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։ Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր բերվեց 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվեցին նոր կլիմային: Մայրական խումբը միշտ պահելու են պարկում: Նախատեսում են տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն:
Կարեն Մանվելյան - Տարեկան մենք նախատեսում ենք 8-10: Մյուս խումբը լինելու է 8-10: Այս անգամ մենք չուզեցինք՝ մի հատ փորձենք, տեսնենք ինչ կլինի, նոր հետո ամեն տարի մոտավորապես այդքան:
Հիմա արդեն եղջերուների բազմացման կենտրոնում կա 30 եղջերու: Հայաստանում բնության կենսաբազմազանությունը բավականին անհավասարակշիռ է, Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրեթե վերացել էր Հայաստանի բնությունից՝ ասում է շրջակա միջավայրի նախարարը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Մեծ մասամբ, մարդու գործունեության արդյունքում է եղել, որ կենդանիների տեսակները մեր կենսաբազմազանությունից դուրս են գալիս, և, ըստ էության, խախտվում է ամբողջ բալանսը:
Հայաստանում եղջերուներին կարող են վնասել արջերը, գայլերն ու մարդիկ՝ ասում են բնապահպանները: Որքան էլ կենդանիները լինեն նախարարության և տեսչական մարմնի խիստ հսկողության տակ, միևնույն է, աջակցության կարիք կա՝ նշում է նախարարը:
Հակոբ Սիմիդյան - Էս հարցում մեր նախարարությունն իհարկե միայնակ ոչինչ չի կարող անել, և մեզ աջակցություն է պետք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և, իհարկե, մեր քաղաքացիների կողմից: Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչները պետք է մեզ աջակցեն:
Եղջերուների շարժը կհսկեն նախ ռադիովզկապներով: Հետևելով նրանց շարժին՝ կլուծեն նաև այն խնդիրները, որոնք կնկատվեն կենդանիների վարքագծից: