ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը վեհաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի» (ALDE) անունից: Պատգամավորը, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին լավ և մանրամասն տեղեկատվություն տրամադրող զեկույցի համար, որը ներկայացնում է կարևոր տվյալներ և, իհարկե, հստակ ուղերձներ այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սպորտը լինի գենդերային խտրականությունից և բռնության դրսևորումներից զերծ:
Ինչպես հստակորեն նշված է զեկույցում, սպորտը շարունակում է մնալ ավելի բարենպաստ միջավայր տղամարդկանց համար:
Թեև սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, ու ավելի շատ կանայք են համալրում ոլորտը, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների, ինչպիսիք են խտրականությունը, վարձատրության տարբերությունը կանանց և տղամարդկանց համար, բռնությունը և, իհարկե, սեքսիստական պիտակավորումներն ու մեկնաբանությունները:
Ցանկանում եմ ընդգծել լրատվամիջոցների և համացանցի դերը, որը երբեմն, ինչո՞ւ չէ, շատ հաճախ օգնում է վերարտադրել ու ուժեղացնել կարծրատիպերն ու ատելության խոսքը, դրանք նվազեցնելու և սպորտը ապահով ու հավասար հարթակ դարձնելու փոխարեն:
Լրատվականները հակված են կին մարզիկներին առաջին հերթին ներկայացնել որպես կին, որից հետո միայն որպես մարզիկ:
ՅՈւՆԵՍԿՕ-ի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ սպորտում կանանց լուսաբանումը հաճախ վերաբերում է արտաքին տեսքին, տարիքին, անձնական կյանքին, այնինչ տղամարդիկ պատկերվում են որպես հզոր, անկախ, գերիշխող ու գնահատված մարզիկներ:
Օլիմպիական լուսաբանման ժամանակ, երկու շաբաթը հազվագյուտ ժամանակ է, երբ կայուն ձևով սպորտային կին աստղերը հայտնվում են վերնագրերում և շարունակում լուսաբանվել, ինչպես կարգն է:
Սակայն, հարկ եմ համարում նշել, որ նմանատիպ մեծ փառատոններից դուրս, ըստ վիճակագրության, լրատվական դաշտում կին մարզիկները զբաղեցնում են ընդամենը 4 տոկոսը, չնայած որ կանանց սպորտը կազմում է նման փառատոնների 40 տոկոսը:
Համաճարակի ազդեցությունը նույնպես վճռական ու անարդար դեր ունեցավ կին մարզիկների վրա՝ առաջացնելով ավելի մեծ սոցիալական և ֆիզիկական ճնշում:
Զեկույցում մատնանշվում են մի շարք գործողություններ, որոնք պետք է արվեն և կարելի է անել իրավիճակը բարելավելու համար, ինչպիսիք են մարզումները սպորտի ոլորտի բոլոր դերակատարների համար՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու համար:
Սպորտային ֆեդերացիաների և որոշումներ կայացնող մարմինների առաջնորդական և մարզչական պաշտոններն ավելի շատ կանանցով համալրելը կհանգեցնի ավելի գենդերային կայուն ու հավասար սպորտի աշխարհի:
Երեկ սպորտային կրթության և երիտասարդության ենթահանձնաժողովում մենք հյուրընկալել էինք EPAS-ի գործադիր քարտուղարի տեղակալ տիկին Ռավենիին, և ես հարցրեցի, եթե կա մեկ բան, որ պետք է անել սպորտում գենդերային հավասարության հասնելու համար, ապա ի՞նչն է դա:
Պատասխանը պարզ էր՝ հավասար վարձատրություն: Դեռևս կա 35 տոկոս աշխատավարձի տարբերություն սեռերի միջև:
2017 թ. սպորտային հետազոտության շրջանակում համեմատվել են 12 ամենաբարձր վարձատրվող կանանց սպորտային լիգաները 12 ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց սպորտային լիգաների հետ:
Հետազոտության շրջանակում պարզվել է, որ միջին հաշվով այս էլիտար մարզաձևերի տղամարդիկ վաստակել են 101 անգամ ավելի, քան՝ էլիտար սպորտի կանայք: Մենք պետք է ձգտենք փոխել սա, ու պետք է պայքարել կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության համար»: