Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններն անօգուտ են, քանի դեռ այդ երկիրը Հունաստանին սպառնում է պատերազմով։ Նրա հայտարարությունը հրապարակել է Newsit.gr լրատվական պորտալը։
«Քանի դեռ վտանգ կա Հունաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հաղորդակցության ցանկացած փորձ ապարդյուն է դառնում»,- ասել է նախարարը:
Պանայոտոպուլոսի հայտարարությունը հնչել է հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպումից անմիջապես հետո։
Հունական Onalert.gr պաշտպանական լրատվական պորտալը հինգշաբթի հաղորդել է, որ Պանայոտոպուլոսը Աքարին զգուշացրել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Հունաստանին ուղղված վիրավորական հռետորաբանությունը և անհապաղ թուլացնի լարվածությունը երկկողմ հարաբերություններում:
Աքարն էլ ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները մոտ օրերս կարող են բանակցություններ վարել Էգեյան ծովում լարվածությունը նվազեցնելու և երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։