ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները:
Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների:
Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:
Առաջին փուլն անցկացվում է դպրոցում, որին կարող է մասնակցել ցանկացած սովորող՝ այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլի արդյունքները չեն բողոքարկվում: Երկրորդ փուլն անցկացվում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին:
Հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Օլիմպիադայի երկրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին:
Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:
Նշենք նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն անցկացվում է տեսական և գործնական փուլերով: Երրորդ փուլն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում 2023 թ. փետրվարի 17-ից մինչև մայիսի 15-ը:
Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Օլիմպիադայի երրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին:
Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով:
Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ: «Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերն անցկացվում են տեսական և գործնական, իսկ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ երկու տեսական փուլերով:
Դպրոցական օլիմպիադային մասնակցող աշակերտների անվանացուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: