ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները, օրերս իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին փորձել է ուղարկել ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն:
Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր: Դատարանի որոշման համաձայն` Հ.Ս.-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ:
ԻԻՀ քաղաքացին, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, ձերբակալվել է։