Արտահագուստ, զգեստ և շապիկներ: Վերջին տարիներին տեքստիլի ոլորտը մեր երկրում զգալի աճ է գրանցել: Թե՛ նոր արտադրություններ են բացվել, թե՛ փոքրերն են խոշորացել:
Անի Ավետիսյան (ընկերության ֆինանսական տնօրեն) - Դա այն ոլորտն է, որը ապահովում է մեծ քանակով աշխատատեղեր և հնարավորություն է տալիս պետությանը զարգանալ:
«Մեյդ ին Արմենիան» այսօր նախընտրելի է ոչ միայն ներքին շուկայում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:
Անի Ավետիսյան - Այս պահին միայն ռուսական շուկայի հետ ենք աշխատում:
Որոշակի քանակ արտահանվում է նաև Ավստրալիա և Եվրամիության երկրներ: Ռուսական շուկայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հայ արտադրողները փորձում են ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը: Այս գործում հայ արտադրողներին օժանդակում է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը»:
Մարիամ Մանուկյան («Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ» ՀԿ նախագահ) - Մշտապես նոր հարթակներ և ուղիներ ենք ստեղծում, որպեսզի նրանք կարողանան գտնել հուսալի և արդյունավետ գործընկերներ իրենց արտադրությունը արտահանելու տարբեր երկրներ, մասնավորապես, ասիական երկրներ, արաբական, աֆրիկյան, այդ թվում նաև՝ ամերիկյան շուկաներ:
Տարեվերջին Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում կայանալիք հայ-ամերիկյան բիզնես կամուրջ փառատոնն ու ցուցահանդես-վաճառքը ոչ միայն հնարավորություն կտան ներկայանալու ամերիկյան գնորդին, նաև գործարար կապեր հաստատելու ամերիկյան առաջատար ընկերությունների ու խոշոր սուպերմարկետների ցանցերի հետ:
Մարիամ Մանուկյան - Գրեթե բոլոր ոլորտներն են ընդգրկված, որոնք երբևիցե ներկայացված չեն եղել Միացյալ Նահանգներում:
Հայկական ավելի քան 40 ընկերություն, B2B հանդիպումներ և համաժողով։ Սա հայ արտադրողների մասշտաբային երկրորդ միջոցառումն է Միացյալ Նահանգներում: Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի օժանդակությամբ այդ ընկերությունները ձեռք են բերել նաև արտադրանքը Միացյալ Նահանգներ արտահանելու թույլտվություն, ֆիտո և սննդային սերտիֆիկատներ: Հայ արտադրողներին արտահանելու և իրացնելու գործում օգնում է նաև ամերիկյան խոշորագույն «Լիվա էլիտ բիզնես գրուփ» ընկերությունը:
Մարիամ Մանուկյան - Կա այսպիսի թյուր կարծիք՝ Հայաստանը չունի այդ արտադրական ծավալները և հնարավորություն չունի զարգացնելու իր շուկան, սխալ է մարտնչել և լուրջ քայլեր անել, որովհետև մենք չենք կարող մրցակցել այդ երկրների հետ: Մենք կարող ենք մրցակցել բոլոր խոշոր երկրների հետ և ունենալ արտահանման միասնական տեմպեր և զարգացնել այդ տեմպերը:
Հայ գործարարներն իրենց արտադրանքը Միացյալ Նահանգներ սկսել են արտահանել նաև Armenian Trade show էլեկտրոնային հարթակի միջոցով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան