Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ռինա Կալյուրանդին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ-ի գործառույթները, դերը և մանդատը: Ներկայացրել է Պաշտպանին առընթեր ձևավորված կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները:
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզերից տարհանվել է 7600-ից ավելի մարդ, որից 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը:
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցներում:
Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում, նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: