Հայաստանի Կենտրոնական բանկն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ ֆոնդերի կառավարիչներին տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելու հնարավորություն տալով: Ֆոնդերի ավելի քան 60 տոկոսը ներդրված է հայաստանյան պետական պարտատոմսերում և ավանդներում, մնացածը` արտասահմանյան տարբեր ընկերություններում: Քննարկման դրված նախագծի ընդունման դեպքում ֆոնդերի կառավարիչները բաժնային արժեթղթերում 25-ի փոխարեն կարող են 35 տոկոս ներդրում կատարել: Ընդհանուր ֆոնդից, որն այս պահին գերազանցում է 500 մլրդ դրամը, մինչև 10 տոկոսը կարող է ուղիղ ներդրում կատարվել մեր երկրի տնտեսության մեջ՝ տարբեր նախագծերում կամ ենթակառուցվածքներում:
Վիգեն Շահնազարյան (ՀՀ ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ) - Կենսաթոշակային ֆոնդերը այժմ տնտեսության իրական հատվածում ներդրումներ կարող են անել միայն իրացվելի գործիքների միջոցով, որը նշանակում է, օրինակ` բորսայում ցուցակված արժեթղթերի միջոցով: Այդպիսի գործիքները մեզ մոտ սահմանափակ են, և դա նշանակում է ինքնըստինքյան, որ իրական հատվածում ներդրումներն էլ անուղղակիորեն սահմանափակված են, այսինքն` լիարժեք կերպով չեն կարող իրականացվել: Այս փոփոխությունները ուղղված են դրան, որ ավելի հնարավորությունները ընդլայնվեն:
Եկամտաբերություն և անվտանգություն՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման հիմնական սկզբունքներն են, ընդգծում է Վիգեն Շահնազարյանը: Սակայն այս պահին եկամտաբերության մասին հնարավոր չէ թվերով խոսել, քանի որ այն բազմաթիվ գործոններից է կախված: Ինչ վերաբերում է ռիսկերին՝ նա նշում է.
Վիգեն Շահնազարյան (ՀՀ ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ) - Կենսաթոշակային ֆոնդերը վենչուրային ֆոնդեր չեն հանդիսանում, հետևաբար նրանց` ռիսկի հանդեպ հանդուրժողականությունը շատ ավելի ցածր է, ինչը նշանակում է, որ բարձր անորոշության կամ բարձր ռիսկերով պայմանավորված ներդրումներ չեն իրականացվելու: Հետևաբար, կարծում եմ, չափազանցված են այն պնդումները, որ այս փոփոխությունները հանգեցնելու են ռիսկայնության աճի:
Փորձագետների կարծիքով` այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն արդեն հասունացել էր:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Խնդիրը նրանում է, որ երբ կենսաթոշակային բարեփոխումներն էին իրականացվում, էդ ժամանակ էլ արդեն տեսանելի էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգը բավականին մեծ միջոցներ է գեներացնելու, մինչդեռ Հայաստանի կապիտալի շուկան զարգացման բավարար մակարդակ չունի` էդ միջոցները կլանելու և տնտեսության իրական հատված ուղղորդելու համար:
Տրանսպորտ, էներգետիկա, ջրային տնտեսություն, այս ոլորտներում Հայաստանը ենթակառուցվածքային ներդրումների կարիք ունի, նշում է Նարեկ Կարապետյանը: Փոփոխությունը հնարավորություն կտա ֆոնդերին առավել ազատ լինել այս առումով:
Նարեկ Կարապետյան - Էդ հնարավորությունն ընձեռելուց հետո ֆոնդերը պետք է որոշակի ուսումնասիրություններ կատարեն և տեսնեն, թե որ կազմակերպություններն են, որ ոլորտներն են ընդհանրապես, որ ի վիճակի են նման ներդրումներ կլանել, և դրանք պետք է հնարավորինս նվազ ռիսկային լինեն, ինչպես նաև պետք է հնարավորինս էսպես հեռանկարային լինեն` նվազագույն ռիսկեր ապահովելու համար քաղաքացիների ներդրումների տեսակետից:
Կենտրոնական բանկը նաև առաջարկում է դադարեցնել կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին՝ իրենց հաշիվների մասին հաշվետվությունների տրամադրումը թղթային տարբերակով և դրանք ամբողջությամբ տրամադրել էլեկտրոնային։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան