Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս համար շարժունակության նոր հնարավորություններ է ապահովում:
Հանդիպմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները, Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» դրամաշնորհային ծրագրում ներառված Երևանի պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ներկայացուցիչները:
Եվրոպական գործընկերներից հանդիպմանը ներկա են եղել Վալենսիայի պոլիտեխնիկական, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական, Բրյուսելի բաց և Լյուբլյանայի համալսարանների ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հյուրերին ծանոթացրել է ՀՀ հետբուհական կրթական համակարգին, ներկայացրել նախատեսվող փոփոխությունները:
Քննարկվել է նաև ՀՀ 3 բուհերում (Երևանի պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններ) համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագրի իրականացման հարցը:
Բուհերի միջև գործընկերային կայուն համագործակցությամբ հնարավոր կլինի խթանել միջառարկայական ուսուցումը, փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչպես նաև միջբնագավառային և միջազգային շարժունության հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցները նաև մանրամասներ են ներկայացրել ընթացիկ ծրագրի աշխատանքների վերաբերյալ:
Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի ավարտը նշված բուհերը կկնքեն համատեղ հետբուհական կրթական փորձնական ծրագիր իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր: