Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը կարող է լրագրողներին և սոցցանցերի օգտատերերին դատապարտել մինչև երեք տարվա ազատազրկման «կեղծ լուրեր» տարածելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նոր կանոններն ամրապնդում են կառավարության առանց այն էլ խիստ վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա համապետական ընտրություններից ութ ամիս առաջ՝ գրում է գործակալությունը: Ըստ հարցումների՝ Էրդողանն ընտրություններում հաղթելու քիչ շանսեր ունի:
Եվրախորհուրդը նշել է, որ «ապատեղեկատվության» անորոշ սահմանումը և դրա համար նախատեսված բանտարկության սպառնալիքը կարող են ունենալ «զսպող ազդեցություն և մեծացնել ինքնագրաքննությունը, հատկապես 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների շրջանում»:
Օրենսդրությունը, որը բաղկացած է 40 ուղղումից, և յուրաքանչյուրի համար պահանջվել է առանձին քվեարկություն, առաջարկել էր Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր խմբերը դրա դեմ են արտահայտվել:
Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներից մեկը խորհրդարանում մուրճով կոտրել է իր բջջային հեռախոսը՝ ցույց տալու, թե ինչպես է ոչնչացվում խոսքի ազատությունը, հատկապես երիտասարդների համար: