Թուրքիայում կարճ ժամանակում միջազգային գազային հանգույց կստեղծվի, իսկ դրա ամենահարմար վայրը Թրակիան է՝ երկրի եվրոպական մասում՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով հոկտեմբերի 13-ին Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները, որոնց ժամանակ քննարկել են նաև այդ հարցը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք ունենք գազի ազգային բաշխիչ կենտրոն, սա կլինի միջազգային։ Ձգձգումների մասին խոսք լինել չի կարող, մեր ընկերները կանցկացնեն անհրաժեշտ բանակցություններ և անմիջապես կսկսեն աշխատանքը։ Անվտանգության ապահովման հարցում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, նախնական աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- Աստանայից վերադառնալուց հետո հայտարարել է Էրդողանը։
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է նաև, որ Ելիսեյան պալատը անիմաստ է համարել Թուրքիայում նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ Եվրոպան ռուսական գազով ապահովելու համար։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ նոր հանգույց ստեղծելու կարիք չկա, քանի որ Եվրոպան ձգտում է ազատվել ռուսական գազից կախվածությունից։