ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին:
Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում (e-justice) իրականացվող բարեփոխումներին՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նախատեսվում է ներդնել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգ, ինչպես նաև նշել, որ ներկայումս գործուն քայլեր են իրականացվում «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:
Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, հաշտարարության, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտներում թվայնացման օրակարգը, ինչպես նաև դրա ուղղությամբ նախարարության կողմից տարվող ներկայիս աշխատանքի ընթացքը:
Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության հիմնական ուղղությունները, որոնք ներառում են արդարադատության նախարարության քաղաքականության մշակումը, քրեակատարողական հիմնարկները, պրոբացիան, հակակոռուպցիոն քաղաքականությունը, գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ հակակոռուպցիոն հաստատությունների կարողությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական հաղորդակցության համատեքստում նախարարության կարիքների, ինչպես նաև այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը:
Հանդիպման ավարտին ընդգծվել է Հայաստանի արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության արդյունքում իրականացվող բարեփոխումային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև երկուստեք վերահաստատվել՝ համատեղ համագործակցության շարունակականության հրամայականը և հետագա քայլերը: