Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գագարինի միջնակարգ դպրոցում, որտեղ հետևել է ՀՀ պետբյուջեի միջոցներով և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքներին: Այդ մասին մարզպետը գրել է Ֆեյսբուքում:
«Գագարինի միջնակարգ դպրոցի նախկին մարզադահլիճը չուներ անհրաժեշտ պայմաններ՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը պահանջված չափորոշիչներին համահունչ կազմակերպելու համար, այդ պատճառով էլ ընդունվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ Կառավարության համապատասխան ծրագիրը, որի իրականացման արդյունքում Գագարինի դպրոցականները կունենան արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ»,- նշել է Կարեն Սարգսյանը:
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 245 միլիոն դրամ է։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի գարնանը և կավարտվեն մինչև 2023 թվականի ամռանը։
Մարզպետը դժգոհել է շինարարության ոչ բավարար, դանդաղ ընթացքից, ձգձգվող աշխատանքներից: Նա շինարարության պատասխանատուներին հանձնարարել է արագացնել շինաշխատանքների տեմպերը և կառույցն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
«Մոտ կես տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ չեն, առաջին հայացքից էլ պարզ է, որ դրանք չեն տեղավորվում պայմանագրով սահմանված ժամկետների մեջ։ Դրա համար պետք է գործադրել բոլոր միջոցներն ու ջանքերը՝ իրավիճակը շտկելու, աշխատանքներն առաջ տանելու համար։
Մեր այցերն այստեղ կլինեն հաճախակի, շինարարությունը կգտնվի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, սահմանված չափորոշիչների կամ ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպք օրենքի ուժով կարժանանա իր հակադարձմանը»,- զգուշացրել է Կարեն Սարգսյանը: