Ավրորայի ձայնը հնչում է աշխարհում, միջազգային հանրությանը ներկայացնում Եղեռնից փրկված հայուհու պատմությունը, և թե ինչպես է հնարավոր անցնել դառնության, ցավի միջով ու չկորցնել մարդ մնալու կարողությունը: «Արշալույսի լուսաբացը» կարող է ներկայացվել «Օսկարի»: Հայաստանի ազգային կինոակադեմիան 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է վավերագրական-անիմացիոն ֆիլմը:
Իննա Սահակյան («Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր) - Դիմելու փուլը մենք արդեն ավարտել ենք։ Դա էլ էր շատ բարդ, բայց արդեն ֆիլմը ուղարկել ենք։ Հիմա վերջին երկու փուլն է, որ դեկտեմբերի վերջ պետք է հայտարարվեն այն 15 ֆիլմերը, որոնք մրցում են նոմինացիայի համար, հունվարի վերջ՝ նոմինացվող ֆիլմերը։
Աշխատանքը շատ է, մրցելու են հայտնի ռեժիսորների հետ։ «Բարս մեդիա»-ի ստեղծած ֆիլմում Արշալույս՝ Ավրորա Մարդիգանյանի պատմությունն է։ Նա, հասնելով Ամերիկա, մարդկանց պատմում է իր կյանքի, հայերի ցեղասպանության մասին։
Արփի Սեթրակ (Ավրորայի լուսաբացը» ֆիլմում Ավրորայի ձայն) - Դեռատի աղջիկ՝ Ցեղասպանությունից փրկված, հասնելով Ամերիկա՝ ամեն ինչ անում է, փորձում օգնել իր հայրենիքին՝ վերհիշելով այն դժոխքը, որի միջով անցել է՝ նկարահանվելով ֆիլմում։
Մինչև «Օսկարը» ֆիլմը մասնակցում է միջազգային կինոփառատոների, հուզում հանդիսատեսին։
Կարծում են, որ հատկապես Հայաստանի համար այս բարդ ժամանակում կարևոր է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայնը լսելի դարձնելը։
Շատ կարևոր է այս ֆիլմի միջոցով միջազգային հանրությանը ցույց տալ այն վայրագությունները, որ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ և ոչ միայն Հայաստանում։ 21-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում տեսնում են, թե ինչեր են կատարվում քաղաքակիրթ աշխարհում։
Տարբեր երկրներում կինոդիտումներից հետո ֆիլմը դառնում է քննարկումների թեմա։
Համբուրգի փառատոնում հետաքրքիր դիսկուրս սկսվեց։ Ֆիլմի վերջում Ավրորան ասում է՝ եթե մեր Ցեղասպանությունը ընդունվեր, Հոլոքոստը միգուցե չլիներ։ Գերմանացի հանդիսատեսը սկսեց ինչ-որ թեորիաներ անել, գերմաներեն դիսկուրսներ անել։
Նոյեմբերից «Ավրորայի լուսաբացը» կցուցադրվի հայաստանյան կինոթատրոններում:
Հեղինակ՝ Անի Ավագյան