Ստեփանակերտի համար կարևոր է հասկանալ, որ Արցախի հարցում կա հստակ դիրքորոշում՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Դավիթ Բաբայանը՝ ներկայացնելով մեկուկես ժամ տևած փակ քննարկման մանրամասները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, որ արդեն մի քանի օր է՝ Երևանում է, այսօր հյուրընկալվել էր Ազգային ժողովում: Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը, ըստ Բաբայանի, անցել է ազնիվ մթնոլորտում, խոսել են ամենաբարդ հարցերից: Երեկ էլ նրանց ընդունել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Մեր հանդիպումներին, էս երկու հանդիպմանը իհարկե կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել կամ ճանաչել Ադրբեջանի մաս, հիմա մենք պետք է ճկուն քաղաքականություն վարենք:
ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆԱԿ ՉԻ ԹՈՂՆԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ. ՍԻՄՈՆՅԱՆ
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ շեշտում է Դավիթ Բաբայանը, Ալեն Սիմոնյանն էլ նորից ընդգծում է՝ Երևանը մենակ չի թողնելու Ստեփանակերտին: Օրենսդիրի ղեկավարը կարծում է՝ Արցախի գործընկերները բավարարված են քննարկման արդյունքներից, ասում է՝ նրանց է ներկայացրել օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մանրամասները, նաև միջազգային գործընկերների հետ շփումները:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումների մասին քննարկումներին ու բանակցություններում Հայաստանի դերին, Ալեն Սիմոնյանը նկատում է. «Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ առաջարկել ենք մշտապես: Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումներում: Իսկ ՀՀ-ն միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի բոլոր խոսակցությունների մեջ, որովհետև, հավաստիացնում եմ ձեզ, եղել է հնարավորություն, հնարավորություն չանվանեմ դա, տարբերակ ասեմ, որտեղ որ Հայաստանը և Արցախը լիովին առանձնացնելու տարբերակով է եղել, մենք էդ տարբերակին չենք գնացել»:
Բանակցային ֆորմատի վերականգնումը Արցախի իշխանությունների օրակարգում է՝ վստահեցնում է Բաբայանը, ասում՝ դա, սակայն, պետք է տեղի ունենա միջազգային ճանաչված հարթակում՝ Մինսկի խմբի ձևաչափում: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանն Արցախի իշխանությունները դեմ չեն, բայց պնդում են՝ խաղաղության պայմանագրում՝ գրավոր կամ բանավոր, պետք է հստակ արձանագրվի, որ միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելը չի վերաբերում Արցախին:
Դավիթ Բաբայան - Կարող է մեկը մյուսին ճանաչել, բայց անպայման պետք է լինի մի բան, որ դա Արցախի վրա չի տարածվում, կետը կլինի հատուկ նշված, թե այլ տեղ կլինի, որ այդ հարցը հատուկ քննարկենք, որովհետև այդպիսի առաջարկներ էլ կան տարբեր երկրների կողմից, հետևաբար, մենք պետք է դա ֆիքսենք:
Այս մոտեցումը, սակայն, Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը, ասաց՝ կողմ չէ նման ձևակերպումներին:
Ալեն Սիմոնյան - Ես չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա նախևառաջ կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, և երկրորդ՝ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել, և տարածքների մասին շեշտումը միան կբարդացնի ու միգուցե առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը, և իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Բանակցային գործընթացը շարունակվում է, դեռ չկա որևէ փաստաթուղթ, բայց խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ըստ Սիմոնյանի, պետք է նախորդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն ու բոլոր ռազմագերիների վերադարձը հայրենիք: Նա նորից նշեց, որ ստեղծված իրավիճակում ակնկալում են Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի ակտիվ մասնակցությունը, ասաց՝ այս թեման բարձրացրել է նաև մոսկովյան վերջին հանդիպումներին:
Ալեն Սիմոնյան - Կա նաև տարբեր խոսակցություններ, թե ինչ ֆորմատներ է առաջարկում Ռուսաստանը: Բոլոր այդ ֆորմատներին, կարելի է ասել, մեր համաձայնությունը տվել ենք, դա Ադրբեջանն է, օրինակ, որ ՌԴ խաղաղապահների մանդատը ԼՂ-ում մինչև օրս չի ստորագրել, եկեք դա չմոռանանք: Ո՞րն է այդ դեպքում մեր ՌԴ գործընկերների արձագանքը և նաև կապված, ընդեղ խոսակցություն եղավ առ այն, որ ես քննադատել եմ ՀԱՊԿ-ին: Ես ասում եմ՝ այո՛, մենք սպասում ենք ՀԱՊԿ-ից ավելի կտրուկ գործողություններ և մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը, արդյոք իմ մտավախությունը ճի՞շտ է, թե՞ չէ, այ սա՛ է մեր հարցադրումը:
Հարցադրումների արդյունքն այն է, ինչ հրապարակավ հայտնի է՝ նշեց Սիմոնյանը: Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանն օգտագործելու է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ անվտանգության երաշխավորման համար: Խոսելով սահմանային վերջին էսկալացիայից՝ նա շեշտեց՝ հայկական բանակն այսօր ուղղում է մեջքը, ու հենց դրա շնորհիվ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհասավ իր նպատակին և ունեցավ ավելի շատ զոհեր:
Սիմոնյանի տվյալով՝ Բաքուն 431 զոհ ունի: Խորհրդարանի նախագահը վստահեցրեց՝ հիմա Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ միջազգային ճնշում կա, իսկ հասցեական գնահատականը ունենալու է հստակ քաղաքական հետևանքներ: