Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ շվեյցարացի խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը (Կենտրոն կուսակցություն) և Միշել Մաթերը (Կանաչ լիբերալներ) Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ Հայաստանում են՝ դատապարտելու 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։
Շվեյցարացի պատվիրակները մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ.
«Ադրբեջանը վերջին միջադեպի պատասխանատվության ամբողջ կրողն ու մեղավորն է։ Նրա հարձակումը միջազգային իրավունքի ոտնահարում է և, հետևաբար, հանցագործություն, որը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Շվեյցարացի խորհրդարանականներն ընդգծում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անխախտելի հիմք է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և առանց երկմտելու իր տեղը ցույց տա ագրեսոր ազգին և գործի հանուն Հայաստանի խաղաղության և պաշտպանության։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ունի ինքնորոշման իրավունք։ Խորհրդային ժամանակներից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, իսկ վերջերս էլ գոյությունը լիակատար սպառնալիքի տակ են:
Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումն անտեսվում է միջազգային հանրության և հերքվում՝ Ադրբեջանի կողմից: Հայերի դեմ տասնամյակներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության և կատաղի ռասայական ատելության տարածումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական տիրապետության տակ անցնելն անհնար է պատկերացնել: Գերեվարված հայ զինվորների նկատմամբ աննկարագրելի դաժանությունը և անմարդկային հանցավոր գործողությունները նկարահանվել և հպարտորեն հրապարակվել են սոցիալական ցանցերում՝ ահաբեկչություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։
Սրանք ռազմական հանցագործությունների և բարբարոսության փաստագրված դեպքեր են և որպես այդպիսին՝ պետք է դատապարտվեն ու պատժվեն միջազգային արդարադատության կողմից:
Պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ Շվեյցարիան ժողովրդավարության, մարդու իրավունքների կողքին է և ձգտում է պաշտպանել հայ ազգը բռնապետությունից և ճնշումներից։ Հայաստանը գիտակցված քայլեր է ձեռնարկել դեպի ժողովրդավարություն և խոսքի ազատություն՝ այդպիսով հավատարիմ մնալով նույն արժեքներին, ինչ Շվեյցարիան:
Շվեյցարիան հատուկ պատասխանատվություն է կրում՝ որպես Ժնևի կոնվենցիաների ավանդույթը պահող երկիր, որպես միջազգային առևտրի 2 կարևոր կենտրոն։ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ջանքերն ուղղված են վստահեցնելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու իրավունքները չեն կարող վտանգվել Շվեյցարիայից ֆինանսավորվող զենքով, և Եվրոպայում ավտոկրատների և բռնակալների ոչ քաղաքակիրթ գործողությունները չեն ընդունվում»: