Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ:
Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:
Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել է, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուլեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները: