Շվեյցարացի խորհրդարանականների համոզմամբ՝ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և կրում է ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը:
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն Ազգային ժողովում, պատասխանելով «Լուրերի» հարցին, նշել են՝ ագրեսոր պետության նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Պատվիրակությունն առաջիկայում կայցելի Ջերմուկ, իսկ Ժնևում այսօր կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը: Բարեկամական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով՝ «պետք է գտնել քաղաքական լուծում»:
Շտեֆան Մյուլեր-Ալտերմատ (Հայ-շվեյցարական բարեկամության խմբի համանախագահ) - Մենք տեսնում ենք, որ կան հստակ ագրեսոր և զոհեր, մենք այստեղ ենք, որ ասենք ձեզ՝ դուք մենակ չեք: Ադրբեջանն ունի շատ արժեթղթեր Շվեյցարիայում: Մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, անենք հնարավորը՝ հասկացնելու՝ Շվեյցարիան պարզապես անվտանգ ու ապահով տեղ չէ, որտեղ կարող ես պահել քո գումարները, որոնցով գնում ես զենք Հայաստանի դեմ կռվելու համար:
Խորհրդային Միության տարիներից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որը սպառնալիքի տակ է, կա այնտեղ ապրող մարդկանց գոյության խնդիր: Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային հանրության ուշադրությունից: Պետք է գտնել քաղաքական լուծում, ոչ թե դիմել զենքի օգնությանը: Հաշվի առնելով տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտը հայերի դեմ՝ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի ադրբեջանական կառավարման ներքո: Դա հնարավոր չէ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան