Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Հոկտեմբերի 12-ի հարցազրույցում Մակրոնն անկեղծ աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ՝ դրանք համարելով անհիմն։
«Ցավոք սրտի, Ֆրանսիայի նախագահը դեռ լռում է այն մասին, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության կետերը՝ ականային վտանգ ստեղծելով տարածաշրջանում»,- նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությունից, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին և հոկտեմբերի 6-ին։ «Սակայն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես միջնորդի չեզոքությունն ու անաչառությունը»,- ընդգծել է գործակալությունը։
ԱԳՆ-ն նշել է. «Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»: